Չեխիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեա Մաիսուրաձեն հրաժարական է տվել։
«Մեծ պատիվ էր մոտ երկու տասնամյակ ծառայել իմ երկրի ազգային շահերին, նպաստել նրա եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը և պաշտպանել նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես հավատարիմ եմ մնում Վրաստանի եվրոպական ապագային»,- գրել է դիվանագետը X հարթակում։
Թեա Մաիսուրաձեն Չեխիայում Վրաստանի դեսպան է նշանակվել 2023 թվականին։ Մինչ այդ՝ 2018-2023 թվականներին, եղել է Լատվիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։
Նոյեմբերի 28-ին Վրաստանի ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը մինչև 2028 թվականի ավարտը օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններ սկսելու հարցը և կհրաժարվի ԵՄ բյուջետային դրամաշնորհներից։ Բացի այդ, ըստ Կոբախիձեի, Վրաստանը շարունակում է շարժվել դեպի Եվրամիություն։
Որոշմանը հաջորդել են բողոքի ցույցեր Թբիլիսիում և մարզերում։ Այս ֆոնին իրենց պաշտոնները լքեցին ԱՄՆ-ում, Բուլղարիայում, Նիդերլանդներում և Լիտվայում Վրաստանի դեսպանները, ինչպես նաև Իտալիայում Վրաստանի դեսպանի պաշտոնակատարը։ Հրաժարական է տվել նաև արտաքին գործերի փոխնախարար Թեյմուրազ Ջանջալիան։
