«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ բանակցությունների առարկա է այն, թե ինչ ձևով կիրականացվի Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթի և նավթամթերքի տարանցումը Հայաստան։
Հանրային հեռարձակողի եթերում Կոբախիձեն հաստատել է, որ այս հարցի շուրջ զրուցել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Թուրքմենստան կատարած այցի ընթացքում։
«Իհարկե, ես նաև քննարկել եմ այս թեման... Մենք շատ բարեկամական հանդիպում և բարեկամական զրույց ունեցանք։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը մեր առանձնահատուկ բարեկամն է, բոլորը դա շատ լավ գիտեն։ Կառավարությունների միջև կան առանձնահատուկ բարեկամական հարաբերություններ։ Հետևաբար, մենք դժվարություն չենք ունենա որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնելու հարցում։
Իհարկե, բանակցությունների առարկա է այն, թե, ի վերջո, ինչ ձևով պետք է տեղի ունենա Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցումը։
Մեզ համար ադրբեջանական կողմի շահերը բացարձակապես ընդունելի են, ինչպես նաև հայկական կողմի շահերը, մենք ունենք մեր շահերը, և կարծում եմ, որ բանակցությունների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի բոլոր երեք երկրների շահերը», - ասել է Կոբախիձեն։
Դեկտեմբերի 5-ին ադրբեջանական կառավարամետ Minval Politika լրատվամիջոցը հրապարակել է «Վրաստանը խաղում է խաղաղության դեմ. Թբիլիսին փորձարկում է Բաքվի համբերության սահմանները» վերնագրով հոդված։
Հոդվածում նշվում է, որ «վերջին ամիսներին Բաքվի և Թբիլիսիի միջև հարաբերություններում մտահոգիչ փոփոխություն է նկատվել», որը «ոչ թե առանձին բյուրոկրատական թերությունների արդյունք է, այլ որոշումների շարք, որոնք վկայում են Վրաստանի քաղաքական տրամաբանության փոփոխության մասին»։
Minval Politika-ն գրում է, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովների 12-րդ նիստը, որը վարել են փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը: Տեխնիկական հարցերից բացի, կողմերը քննարկել են նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները: Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ, այդ հարցերից մեկը ադրբեջանական նավթի և նավթամթերքի Հայաստան արտահանման հեռանկարն էր։
Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ չկա, ըստ Minval Politika-ի, Ադրբեջանը պահանջել է, որ Թբիլիսին սակագներ սահմանի Գարդաբանի-Սադախլո հատվածի համար։
«Մեր տվյալներով՝ վրացական կողմը 111 կիլոմետրանոց հատվածի համար առաջարկել է մեկ տոննայի համար 92 դոլար սակագին, որը կազմում է 0.82 դոլար մեկ տոննայի համար մեկ կիլոմետրի դիմաց։ Առաջին հայացքից սա կարող է թվալ ստանդարտ սակագին, բայց համեմատությունը ցույց է տալիս հակառակը։
Համեմատության համար՝ Ադրբեջանում նմանատիպ բեռների տեղափոխումը 680 կմ հեռավորության վրա՝ Յալամա կայարանից մինչև Բոյուկ-Կիյասիկ կայարան, իրականացվում է 17 դոլար սակագնով, որը կազմում է 0.02 դոլար մեկ տոննայի համար մեկ կիլոմետրի դիմաց։ Սա 40 անգամ պակաս է վրացական առաջարկվող սակագնից։ 40-ապատիկ տարբերությունը մտադրության և շուկայի ցուցանիշ է։
Ավելին, Վրաստանի ներսում նմանատիպ բեռներ Բաթումի, Փոթիի և Կուլևի նավահանգիստներ են առաքվում 360-396 կիլոմետր հեռավորության վրա՝ 17 դոլարով, որը կազմում է 0.04-0.05 դոլար մեկ կիլոմետրի դիմաց։ Այլ կերպ ասած, երբ տարանցումը ձեռնտու է Թբիլիսիի համար, սակագինը 20 անգամ ցածր է, քան Հայաստան տանող երթուղու համար առաջարկվողը։ Այստեղ տնտեսական տրամաբանությունը տեղ է զիջում քաղաքական ազդանշանին», - ասվում է հոդվածում։
Պետական լրատվամիջոցները գրում են, որ այսօր Վրաստանը փաստացի դեմ է կայուն տարածաշրջանային խաղաղության ճարտարապետության և փոխշահավետ տնտեսական կապերի ստեղծմանը։
Դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղիները» կիրականացնեն վառելիքի միանվագ փոխադրում Ադրբեջանից Հայաստան՝ լիովին անվճար։
Դեկտեմբերի 10-ին Minval Politika-ն հրապարակեց ևս մեկ հոդված՝ «Թբիլիսիի սակագնային դեմարշին ի պատասխան՝ Բաքուն քննարկում է Հայաստանի հետ երկաթուղային գծի վերականգնման հարցը» վերնագրով։ Լրատվամիջոցը գրում է, որ վրացական կողմի «միանվագ որոշումը չի պատասխանում գլխավոր հարցին. ո՞րն է Թբիլիսիի իրական դիրքորոշումը երկարաժամկետ սակագների և մաքսատուրքերի հարցում»։
