Աբխազիային ինքնիշխանությունը կորցնելու վտանգ չի սպառնում․ Գյունբա

Աբխազիայի դե ֆակտո հանրապետության, այսպես կոչված, նորընտիր նախագահ Բադրա Գյունբայի խոսքով՝ Աբխազիայի հանրապետության ինքնիշխանությունը կորցնելու ցանկացած սպառնալիք բացառվում է։

«Մեր ինքնիշխանությանը վտանգ չկա և չի կարող լինել։ Աբխազիայի բնակչությունը որոշել է իր ապագան։ Ապագան, որը կայանում է պետության, անկախ պետության զարգացման մեջ։ Ռուսաստանը պաշտպանեց աբխազ ժողովրդի այս որոշումը։ Ուստի մենք հարգում ենք Ռուսաստանի կարծիքը», - ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Գյունբան, ով գտնվում է Մոսկվայում։

Բադրա Գյունբան նշել է, որ իր հանդիպումը ՌԴ նախագահի հետ ևս մեկ հաստատում է, որ Ռուսաստանը հարգում է Աբխազիայի «անկախությունը» և «ինքնիշխանությունը»։

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները մեր երկրի համար արտաքին քաղաքական առաջնահերթություն են։ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է մեզ մեր պետության կյանքի բոլոր ոլորտներում։ Դա ներառում է անվտանգության, սոցիալ-տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների բարելավման հարցեր»,- ասել է Գյունբան։

Վլադիմիր Պուտինը օկուպացված Աբխազիայի, այսպես կոչված, նախագահին մարտի 5-ին ընդունել է Կրեմլում և անձամբ շնորհավորել «ընտրություններում» տարած հաղթանակի կապակցությամբ։ Պուտինը Գյունբային խոստացել է շարունակել անձնագրավորման ծրագիրը Աբխազիայում։

Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում, այսպես կոչված, արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլն անցկացվել է մարտի 1-ին, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Բադրա Գյունբան, ով վայելում էր Կրեմլի աջակցությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։