Եվրախորհրդարանի 31 պատգամավորներ նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին։ Նրանք Եվրամիությունից պահանջում են միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կասեցնել Վրաստանի թեկնածու երկրի կարգավիճակը, ինչը հստակ ազդանշան կլինի երկրի իշխանություններին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Վրացական իշխանությունների համառ ոչ ժողովրդավարական պահվածքը, հատկապես նրանց ագրեսիվությունը՝ օտարերկրյա գործակալների մասին «ռուսական ոճի» օրենք ընդունելու, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժի կիրառման առումով, սահմանը հատել է։ Նման պահվածքն էլ ավելի է մեծացրել լարվածությունը և բևեռացումը վրացական քաղաքականության և հասարակության մեջ, ինչը հակասում է ինը քայլերի շուրջ Վրաստանի կառավարության կողմից ստանձնված պարտավորություններին, երբ երկրին տրվեց ԵՄ թեկնածուի կարգավիճակ և սա չի կարող անտեսվել ԵՄ-ի կողմից:
Կոչ ենք անում ձեզ հստակ դիրքորոշում ունենալ և ձեռնարկել հետևյալ միջոցները, որոնք հստակ ազդակ կհղեն Վրաստանի իշխանություններին։
- Նախ, Վրաստանի կառավարության և առաջատար «Վրացական երազանքի» պահվածքը հակասում է ԵՄ թեկնածու երկրի պարտավորություններին։ Ուստի, Վրաստանի թեկնածուի կարգավիճակը պետք է կասեցվի առանց անդամակցության գործընթացում հետագա առաջընթացի:
- Երկրորդ՝ պետք է վերանայվի Եվրամիության կողմից Վրաստանի պետական բյուջեի և կառավարության ծրագրերի ֆինանսավորումը։
- Երրորդ՝ 2023 թվականի նոյեմբերի 8-ի Հանձնաժողովի հանձնարարականում առկա ինը քայլերի իրականացման հարցում Վրաստանի առաջընթացի միջանկյալ գնահատականը պետք է կատարվի առանց հետագա ուշացման: Այս միջոցը ներառվել է խորհրդարանի 2024 թվականի ապրիլի 25-ի «Վրաստանում օտարերկրյա գործակալների օրենքը վերստին նախաձեռնելու փորձերի և քաղաքացիական հասարակության սահմանափակումների մասին» բանաձևում։
Վերջին տարիներին մենք քրտնաջան աշխատել ենք աջակցելու վրաց ժողովրդին և Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներին: Մենք հաստատակամ ենք մնում այս հարցում, բայց ժողովրդավարական չափանիշները նույնն են ԵՄ բոլոր թեկնածու երկրների համար և պետք է հարգվեն»,- ասվում է նամակում, որը ստորագրել են Պետրաս Օտրեվիչիուսը, Վիոլա ֆոն Կրամոնը, Գայ Վերհոֆշտադը, Ռիհո Տերասը, Թեիս Ռոտենը, Օլիվյե Շաստելը, Էնդրյուս Կուբիլիուսը, Կարեն Մելքիորը, Միրիամ Լեքսմանը, Ռասա Յուկնևիչենը, Մայքլ Գալլերը և այլք:
«Վրացական երազանքի» խորհրդարանի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին պատասխանել է Եվրախորհրդարանի պատգամավորների կոչին։ Նրա խոսքով՝ նամակը ստորագրած Եվրախորհրդարանի պատգամավորները կարող էին այդ կարծիքները արձանագրել Եվրախորհրդարանի բանաձևում։
«Ես չգիտեմ, թե ինչ էր մնացել բանաձևից դուրս ասելու, այնուամենայնիվ, սա լրացուցիչ գործիք է այս եվրոպացի պատգամավորների համար, որպեսզի ինչ-որ կերպ նպաստեն բողոքի ակցիաների լիցքին և ստեղծեն լրացուցիչ, նոր պատմություն Վրաստանում», - ասել է Բոճորիշվիլին:
«Վրացական երազանքը» ծրագրում է հաջորդ շաբաթ քննարկել ու երրորդ ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։ Ժոզեֆ Բորելը բազմիցս հայտարարել է, որ այս օրենքը անհամատեղելի է Եվրամիության արժեքներին, և դրա ընդունումը բացասաբար կանդրադառնա Եվրամիության ճանապարհին Վրաստանի առաջընթացի վրա։
