Ռուսական օրենքի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված հայցերը կմիավորվեն մեկ վարույթում և կքննարկվեն լիագումար ձևաչափով։ Դատարանի նախագահ Մերաբ Տուրավան այսօր ասել է, որ որոշումը կկայացվի «ողջամիտ ժամկետներում»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Դուք ուզում եք, որ կոնկրետ ժամկետ ասեմ, բայց ես լիազորված չեմ, քանի որ չգիտեմ իմ գործընկերների դիրքորոշումը։ Որոշումը կկայացվի ողջամիտ ժամկետում։ Մենք ոչ միայն պետք է կարդանք օրենքը, այլև պետք է համեմատական իրավունքի ուսումնասիրություն կատարենք, իսկ դա կտևի առնվազն մեկ ամիս։ Սահմանադրական դատարանի պլենումը որոշում է ժամկետները։ Այս փուլում դատավորներն ուսումնասիրում են հայցերը»,- լրատվամիջոցներին ասել է Տուրավան։
«Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողի արձագանքին, թե Վրաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերների գնահատմամբ՝ «սա ռուսական օրենք է, և մենք ուղղակիորեն գնալու ենք Ռուսաստան», Տուրավան ասել է․
«Կտեսնենք, կկարդանք... ո՞ր Ռուսաստանում։ Դեպի հյուսի՞ս։ Ես, որքան գիտեմ, ամեն դեպքում նման ուղղություն չեմ տվել իմ ու իմ երկրին։ Չեմ կարծում, որ մեր պետության նպատակը, գաղափարը դեպի հյուսիս շարժվելն է։ Տարիներ շարունակ կրթաթոշակ եմ ստացել, մրցանակ եմ ունեցել, տարբեր արտասահմանյան ֆինանսավորումներ եմ ունեցել»:
Այսօրվա դրությամբ ռուսական օրենքի դեմ երեք հայց է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Նախագահի, 121 լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների հայցերից հետո այսօր Սահմանադրական դատարան են դիմել նաև խորհրդարանի 38 ընդդիմադիր պատգամավորներ։
Հայցվորները կարծում են, որ օրենքը հակասում է Սահմանադրության 78-րդ հոդվածին, որը բոլոր սահմանադրական մարմիններին պարտավորեցնում է ձեռնարկել բոլոր միջոցները իրենց լիազորությունների շրջանակում՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ): Հայցվորները պահանջում են կիրառել ժամանակավոր միջոց և սեպտեմբերի 3-ից կասեցնել օրենքի կիրարկումը՝ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը։
