Վրաստանում գտնվող ամերիկացի սենատորներ Ջին Շահինը և Դիկ Դուրբինը հանդիպել են ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Պատահական չէ, որ Վրաստանում Կրեմլի թիրախներից մեկը քաղաքացիական հասարակությունն է։ Անկասկած, ուժեղ ժողովրդավարությունը բերում է բարգավաճում և անվտանգություն։ Բայց առանց ուժեղ քաղաքացիական հասարակության, ժողովրդավարությունը հաջողության հույս չունի: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել և աշխատել Վրաստանի քաղաքացիական հասարակության հետ՝ վրացական ինստիտուտների ամրապնդման համար: Վրաստանը պետք է շարունակի ժողովրդավարական բարեփոխումները, որպեսզի հասնի ավելի ապահով և հաջողակ եվրոպական ապագայի նպատակին՝սա այն է, ինչ ցանկանում են և ինչին արժանի են Վրաստանի քաղաքացիները», - ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» տնօրեն Էկա Գիգաուրիի խոսքով, սենատորների հետ զրուցել են ապատեղեկատվության, կոռուպցիայի մարտահրավերների, դատական ​​և մեդիա միջավայրի մասին։ «Նրանց հիմնականում հետաքրքրում է մեր տեսլականը, թե ինչպես կարող ենք կանգնեցնել ժողովրդավարական հետընթացը, որն ակնհայտորեն ունենք երկրում»,- լրագրողներին ասել է Գիգաուրին։

«Արդար ընտրությունների» ղեկավար Նինո Դոլիձեի խոսքերով, հիմնական հարցերից է եղել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի հետ կապված 12 հանձնարարականների իրականացումն ու 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Այսօր՝ փետրվարի 20-ին, Վրաստանի խորհրդարանի բյուրոն նպատակահարմար է համարել սկսել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացակարգը։ Օրենքի նախագծով նախատեսվում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալ մեծ թվով հասարակական կազմակերպություններին ու լրատվամիջոցներին։

  • Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
  • Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
  • Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
  • Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
  • Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Օրինագծի նախաձեռնողները խորհրդարանական մեծամասնության անդամներն են՝ Սոզար Սուբարին, Միխեիլ Կավելաշվիլին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլին, Վիկտոր Ջափարիձեն, Իրակլի (Դաչի) Բերաիան, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան և Զաալ Միքելաձեն։ Բյուրոն «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ներկայացնող հանձնաժողով է նշանակել իրավական հարցերի հանձնաժողովին, իսկ պարտադիր հանձնաժողովներն են՝ արտաքին հարաբերությունների և պաշտպանության և անվտանգության հանձնաժողովները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):