Լուսանկարում՝ Սոզար Սուբարի, «Ժողովրդի ուժի» հիմնադիրներից

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ՝ Վրաստանի խորհրդարանում «Ժողովրդի ուժի» նախաձեռնած օրինագիծը, որը նախատեսում է «օտարերկրյա գործակալի» կարգավիճակ տալ մեծ թվով հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին, չի համապատասխանում մարդու իրավունքների միջազգային պաշտպանության չափանիշներին և անհամատեղելի է ժամանակակից ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքների հետ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

  • Օրենքի նախագծով օտարերկրյա ազդեցության գործակալ է համարվում ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձը (հասարակական կազմակերպությունը) և լրատվամիջոցը, որի եկամտի 20%-ից ավելին ստացվում է արտերկրից, բացառությամբ վարչական մարմինների (պետական ​​կամ մունիցիպալ մարմնի/հաստատության) կամ մարզական ազգային ֆեդերացիաների կողմից ստեղծված կազմակերպությունների:
  • Նման իրավաբանական անձինք ունենալու են ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պարտավորություն, որը, այդ թվում ներառում է նաև նախորդ օրացուցային տարվա ընթացքում ծախսված ցանկացած գումարի չափի և նպատակի մասին տեղեկության տրամադրում: Օտարերկրյա ազդեցության գործակալների ռեգիստրում մուտքագրված տեղեկությունները հրապարակային կլինեն:
  • Օրինագծի համաձայն՝ «օտարերկրյա ազդեցության գործակալին» բացահայտելու համար Վրաստանի արդարադատության նախարարությունը հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, որի շրջանակներում նրան կտրամադրվի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները մշակելու լիազորություն՝ ներառյալ անձնական տվյալները:
  • Մշտադիտարկում սկսելու համար հիմք են հանդիսանում՝ Արդարադատության նախարարության համապատասխան լիազորված անձի որոշումը, նախարարություն ներկայացված գրավոր հայտարարությունը, որը պարունակում է համապատասխան հղում օտարերկրյա ազդեցության կոնկրետ գործակալի մասին:
  • Օրենքի նախագծով նախարարությանը տրվում է նաև 10, 20 և 25 հազար լարի տուգանքներ կիրառելու և կազմակերպությունների գրանցման պարտադրման լիազորություն։

Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակը նշում է, որ Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված միավորումների և արտահայտվելու ազատությունը անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության գոյության համար, որը հնարավորություն է տալիս հասարակական և լրատվական կազմակերպություններին համատեղ նպաստել ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների իրացմանը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների պաշտպանների հռչակագիրը նման միավորումներին իրավունք է տալիս փնտրել, ստանալ և օգտագործել ռեսուրսներ (ներառյալ օտարերկրյա աղբյուրներից ստացվող ֆինանսավորումը) իրենց գործունեությունը իրականացնելու համար: Միաժամանակ, պետությունները պարտավոր են ստեղծել աջակցող միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները հնարավորություն կունենան գործել առանց խոչընդոտների։

Միավորումների և արտահայտվելու ազատության, ինչպես նաև գաղտնիության իրավունքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության և Հունգարիայի օրենսդրություններում արտացոլված նմանատիպ կարգավորումը բացասական են գնահատել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Եվրոպական միության արդարադատության դատարանը, ԵԱՀԿ-ի և Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը, Վենետիկի հանձնաժողովը և ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը։

Մասնավորապես, ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատմամբ՝ մարդու իրավունքների պաշտպանները հաճախ դառնում են վարկաբեկման քարոզարշավների հասցեատերեր, ինչը, ի թիվս այլ բաների, կարող է արտահայտվել համապատասխան երկրներում նրանց «օտարերկրյա գործակալներ» հռչակելու իրավական կարգավորումների ընդունմամբ։ Միջազգային կազմակերպությունների կարծիքով՝ կազմակերպությունների կարգավիճակի այս կերպ սահմանումը անվստահության, վախի և թշնամանքի մթնոլորտ է ստեղծում նրանց նկատմամբ։

Ըստ Վենետիկի հանձնաժողովի՝ նշված տերմինը հետ է բերում կոմունիստական ​​ժամանակաշրջանում օգտագործված հռետորաբանությունը, խարանում քաղաքացիական հասարակությանը, վնասում է նրանց հեղինակությանը և լրջորեն խոչընդոտում նրանց գործունեությանը։

Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խոսքով՝ հաշվի առնելով պատմական համատեքստը՝ «օտարերկրյա գործակալը» կարող է կապված լինել «օտարերկրյա լրտեսի» և «դավաճանի» հետ, ինչը կբարդացնի հասարակության և հատկապես պետական ​​պաշտոնյաների համագործակցությունը նման անձանց հետ և, որպես հետևանք, նրանց ներգրավվածությունը քաղաքական կյանքում։

Ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ այս տերմինի օգտագործումը չարդարացված միջամտություն է միավորումների ազատությանը, այնքանով, որքանով տպավորություն է ստեղծվում, որ համապատասխան կազմակերպությունները գտնվում են օտարերկրյա վերահսկողության տակ։

Հարկ է նաև նշել, որ Վենետիկի հանձնաժողովի գնահատմամբ՝ առանց համաձայնության կազմակերպություններին որպես գործակալ գրանցելը նույնպես անհամաչափ միջամտություն է միավորումների և արտահայտվելու ազատությանը, և այդ հնարավորությունը չպետք է հաստատվի օրենքով։

Հաշվի առնելով Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածը՝ ուշագրավ է հատկապես Եվրամիության Արդարադատության դատարանի որոշումը, որով Հունգարիայի նման իրավական կարգավորումն անհամատեղելի է համարել Եվրամիության հիմնարար սկզբունքների և իրավունքի հետ։

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն փաստին, որ ներկայացված օրինագիծը հիմք է ստեղծում «օտարերկրյա ազդեցության գործակալ» համարվող և նրանց հետ տարբեր հարաբերություններում գտնվող անձանց վերաբերյալ մեծ քանակությամբ անձնական տվյալների հավաքագրման և հրապարակման համար։ Ի լրումն կազմակերպություններին անհիմն կազմակերպչական բեռ դնելուց և նրանց հիմնական գործունեությունից շեղելուց, այն կարող է ոտնահարել գաղտնիության իրավունքը՝ ստեղծելով ցանկացած անձի անձնական տվյալների մշակման և բացահայտման հնարավորություն, ով աշխատանքային կամ ծառայության ցանկացած ձևի պայմանագրային հարաբերություններ ունի կազմակերպությունների հետ։

Հարկ է նշել, որ միավորումների գործունեության թափանցիկության ապահովումը կարևոր լեգիտիմ նպատակ է, և այդ նպատակին հասնելու համապատասխան իրավական կարգավորումը, ինչպես նաև օտարերկրյա օգնության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և զեկուցման գործիքը (eAIMS) Վրաստանի համար նույնպես անհայտ չէ: Սակայն ներկայացված նոր օրենքի նախագիծը հիմնավորված համարելու համար այն պետք է անհրաժեշտ լինի՝ ելնելով «սուր հանրային կարիքի» առկայությունից և միևնույն ժամանակ, սահմանափակող միջոցներն ու ուղեկցող ընթացակարգերը չպետք է լինեն անհամաչափ, ինչին ներկայացված նախագիծը Հանրային պաշտպանի գրասենյակի գնահատմամբ, չի բավարարում:

Հաշվի առնելով վերը նշվածը` ներկայացված օրենքի նախագծի ընդունումը չի համապատասխանի մարդու իրավունքների պաշտպանության չափանիշներին»։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը նախաձեռնել են «Վրացական երազանք» կուսակցությունը ձևականորեն լքած խորհրդարանական մեծամասնության անդամները (Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Գուրամ Մաճարաշվիլի և այլք):

Ըստ «Ժողովրդի ուժի» և «Վրացական երազանքի» անդամների՝ օրենքի նախագիծը ստեղծվել է հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգների համապատասխան օրենսդրության համաձայն, թեև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ այն հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի նմանատիպ օրենսդրության վրա, ոչ թե ամերիկյան որևէ օրենքի վրա: Փրայսի խոսքերով, առաջարկվող օրենքը կբացառի և կլռեցնի Վրաստանի քաղաքացիների անկախ ձայնը և պոտենցիալ վտանգ կստեղծի Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման համար։

Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ օրինագծի հետ կապված խնդիր չի տեսնում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):