«Օլաֆ Շոլցն ունի իր խնդիրները»,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ անդրադառնալով Վայմարի եռանկյունու անդամ երկրների ղեկավարների հայտարարությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
- 4 8 կուսակցություն. Մենք չենք մասնակցի հոկտեմբերի 4-ի ռուսական հատուկ գործողությանը
- 5 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 6 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 7-ին տարածած համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել Վրաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի կապակցությամբ։ Նրանց խոսքով, քանի դեռ Վրաստանը չի փոխել իր ներկայիս ընթացքը և ցույց չի տվել բարեփոխումների շոշափելի ջանքեր, հատկապես չեղյալ համարելով եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող վերջին օրենսդրությունը, նրանք չեն կարողանա աջակցել Վրաստանի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկին։
«Նախ պետք է ասել, որ Օլաֆ Շոլցն ունի իր խնդիրները, և ես չգիտեմ, թե ինչպես է ժամանակ գտել Վրաստանի համար։ Նրա կոալիցիան քանդվել է, առաջիկայում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Կարծում եմ, որ Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ մտահոգվի սեփական խնդիրներով, ոչ թե հայտարարություններ անի Վրաստանի հարցերի շուրջ»,- ասել է Կոբախիձեն։
Հարցին, թե «գործակալների մասին» ռուսական օրենքը, որը իշխող կուսակցությունն անվանում է «թափանցիկության մասին օրենք», կվերանայվի՞, վարչապետն ասել է, որ հասարակական կազմակերպությունների դաշտը չի կարող լինել «ոչ թափանցիկության և անորոշության միակ կղզին երկրում»։
«Դա ուղղակի անհասկանալի է։ Եթե ինչ-որ մեկը մեզ ապացուցի, որ «Էնջեոները» պետք է մնան մեր երկրում միակ անորոշ սուբյեկտները, խնդիր չկա, եկեք քննարկենք այդ հարցը»,- ասել է Կոբախիձեն։
Ինչ վերաբերում է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքին, որը Վենետիկի հանձնաժողովը նույնպես անհամատեղելի է համարել եվրոպական և միջազգային չափանիշներին, Վրաստանի վարչապետն ասել է, որ դա «առողջ օրենք է»։
Եվրոպական միության ընդլայնման մասին տարեկան զեկույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 30-ին, Եվրահանձնաժողովը բացասաբար է գնահատում «Վրացական երազանքի» կողմից նշված օրենքների ընդունումը։
