Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված Պետական անվտանգության ծառայությունը օգոստոսի 17-ին Գալիի շրջանի Բգուրա գյուղում ձերբակալել է Վրաստանի երկու քաղաքացու։ 1964 թվականին ծնված Ռեմիկո և 1967 թվականին ծնված Մուրթազ Ճիթանավաները մեղադրվում են այսպես կոչված սահմանն ապօրինի հատելու հարցում օգնելու մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
Դե ֆակտո Պետանվտանգության ծառայության հայտարարության համաձայն՝ Ճիթանավաները Աբխազիայում բնակության թույլտվություն ունեն և ապրում են այսպես կոչված սահմանի մոտ։
«Նշված անձինք օգտվել են աշխարհագրորեն բարենպաստ բնակավայրից, որն անմիջականորեն սահմանակից է Վրաստանի տարածքին, և օգնություն են ցուցաբերել պետական սահմանն ապօրինի հատելու հարցում։ Ձերբակալվածների բնակության վայրի զննությամբ հայտնաբերվել է F1 նռնակ, RGD-5 նռնակ, 1600 գրամ տրոտիլ, 45 գրամ պլաստիդ, տրոտիլի բլոկ, տարբեր տրամաչափի պարկուճներ և դոլարային թղթադրամներ»,- հայտնել են այսպես կոչված Պետական անվտանգության ծառայությունից։
Հարկ է նշել, որ այսպես կոչված Պետական անվտանգության ծառայության հրապարակած տեսանյութում երևում են մի քանի տասնյակ մեկ դոլարանոց թղթադրամներ։
Վրաստանի երկու քաղաքացիների անօրինական ձերբակալության մասին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկություն է տարածել այսօր՝ օգոստոսի 21-ին։
Ըստ ՊԱԾ-ի, օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելության (EUMM) կողմից գործարկվող թեժ գծի միջոցով հայտարարել են, որ այսպես կոչված քրեական գործ է հարուցվել այսպես կոչված «անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով»։ Ապօրինի կալանավորված երկու անձանց էլ այսպես կոչված «դատարանը դատապարտել է» 2 ամսվա «նախնական կալանքի» և ներկայում նրանք գտնվում են «Աբխազիայի այսպես կոչված պետական անվտանգության ծառայության մեկուսարանում»։
«Ապօրինի կալանավորման փաստի կապակցությամբ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը տեղեկացրել է Ժնևում միջազգային քննարկումների համանախագահներին և միջազգային գործընկերներին։ Ակտիվացված են բոլոր առկա մեխանիզմները, և ակտիվ աշխատանքներ են տարվում նշված անձանց անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ»,- ասված է ՊԱԾ-ի հաղորդագրության մեջ։
Աբխազիայի դե ֆակտո պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են նաև Ռուսաստանի երկու քաղաքացիների, որոնք փորձել են հատել Վրաստանի և Աբխազիայի այսպես կոչված սահմանը։ Մինչ այդ նրանք Ռուսաստանից Աբխազիա են մտել կեղծ փաստաթղթերով։
Այսպես կոչված Պետական անվտանգության ծառայությունը նշում է, որ Վրաստանի և Թուրքիայի «հանցավոր կառույցների» անդամների կողմից Աբխազիա մտնելու նպատակով սահմանային ռեժիմը խախտելու փորձերն ավելացել են։
