Վրաստանի կառավարության որոշմամբ, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 79-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցները կստանան միանվագ 2000 լարի, իսկ պատերազմում զոհվածների ընտանիքի անդամները՝ 1000 լարի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
Վարչապետ Իրակլի Կոբախիձեի ստորագրած հրամանագրի համաձայն՝ Վետերանների գործերի պետական ծառայությունը մայիսի 5-ից ոչ ուշ պետք է սոցիալական ծառայությունների գործակալությանը տրամադրի Վրաստանի ողջ տարածքում, իսկ Թբիլիսիի քաղաքապետարանին՝ Թբիլիսիի մունիցիպալիտետում գրանցված Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցների և Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների ընտանիքի անդամների տվյալները։
Անցած տարիներին Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներին որպես միանվագ օգնություն հատկացվել է 1000 լարի, իսկ մահացածի ընտանիքի անդամներին՝ 500 լարի։ Ընտանիքի անդամներից են Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածի ամուսինը/կինը և մանկուց հաշմանդամություն ունեցող երեխան, որոնք գրանցված են Վետերանների գործերի պետական ծառայության տվյալների բազայում։
2023 թվականի տվյալներով Վրաստանում ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմի 114 մասնակից։ Վետերանների գործերի պետական ծառայության տվյալներով՝ մեծ մասը հարյուր տարեկանից ավելի տարիք ունի: Նրանցից ամենատարեցը Զեստափոնիի մունիցիպալիտետի 104-ամյա բնակիչ Ալեքսանդր Բուսկիվաձեն է։
Մայիսի 9-ին Վրաստանում նշում են Ֆաշիզմի դեմ հաղթանակի օրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939-ին և ավարտվել 1945-ին՝ ֆաշիստական Գերմանիայի զինված ուժերի՝ Վերմախտի կապիտուլյացիայով։ Եվրոպայում պատերազմական դրությունն ավարտվել է 1945 թվականի մայիսի 8-ին, Մոսկվայի ժամանակով՝ մայիսի 9-ին, իսկ Ասիայում՝ 1945 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Ճապոնիայի կապիտուլյացիայից հետո։ Պատերազմում զոհվել է մոտ 50 միլիոն մարդ։ Վրաստանից խորհրդային բանակ է զորակոչվել ավելի քան 700 հազար զինվոր, նրանցից ավելի քան 300 հազարը ռազմաճակատից ողջ չի վերադարձել։ Երկրորդ համաշխարհային պատերազմում նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ամենամեծ թվով զոհերն ունեցել է Վրաստանը։
