Չոր հացադուլ անող հանքագործները տեղափոխվել են հիվանդանոց

Ճիաթուրա քաղաքի հանքագործներ Միրզա Լոլաձեն և Տարիել Միկացաձեն հացադուլի 16-րդ օրը տեղափոխվել են հիվանդանոց։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր՝ չոր հացադուլի երկրորդ օրը, Միրզա Լոլաձեի համար երկու անգամ շտապօգնություն է կանչվել։ Նա հրաժարվել է բժշկական օգնություն ստանալ, սակայն առողջական վիճակի վատթարացման պատճառով նրան պատգարակով դուրս են բերել վրանից և տեղափոխել հիվանդանոց։

Տարիել Միկացաձեի վիճակը էլ ավելի է վատացել։ Հանքագործների խոսքով՝ նա արդեն երրորդ օրն է, ինչ հեղուկներ չի խմում, և նրա արյան մեջ շաքարի մակարդակը կրիտիկական մակարդակի վրա է։ Միկացաձեն վատացել է երեկ, և այսօր նրան ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց։

«Մեր կառավարությունը հիմա հանդիպում է բիզնեսի հետ։ Սա աշխատողների նկատմամբ ծաղր է և ուրիշ ոչինչ։ Բիզնեսը հանդիպում է, իսկ աշխատողները՝ ոչ, այս մարդիկ պետք չեն, բիզնեսը գլխավորն է, այս բիզնեսին աշխատողներ պետք չեն։ Որքա՞ն պետք է շարունակվի նման անհարգալից վերաբերմունքը աշխատողների, Վրաստանի քաղաքացիների նկատմամբ։ Սահման կա՞», - ասում է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը «Մաղարոելի» ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում։

Այսօր՝ շարունակական բողոքի ակցիայի 127-րդ օրը, Ճիաթուրայի հանքագործները «Վրացական երազանքի» կառավարության ղեկավարին ուղղված հրապարակային նամակ են ուղարկել։ Նրանք առաջարկում են Իրակլի Կոբախիձեին «անձնական հետաքրքրություն ցուցաբերել» այս հարցով և հանդիպել բողոքի ակցիայի մասնակիցների հետ։ «Վրացական երազանքից» ոչ ոք չի արձագանքել հանքագործների կոչին։

7 հանքագործ հացադուլ է հայտարարել՝ պահանջելով շարունակական ակցիայի չորս մասնակիցների՝ Մերաբ Սարալիձեի, Գիորգի Նեպարիձեի, Արչիլ Չումբուրիձեի և Թենգիզ Գվելեսիանիի ազատ արձակումը բանտից։ «Ջորջիան Մանգանեզից» անօրինական կերպով ազատվածների աշխատատեղի վերականգնման պահանջը մնում է անփոփոխ։ Երեք հանքագործներ՝ Միրզա Լոլաձեն, Գոգա Աբեսաձեն և Շավլեգ Գոգսաձեն ի նշան բողոքի կարել են իրենց բերանները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։