Հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի կարծիքով՝ «ԼԳԲՏ քարոզչության» դեմ օրենքի նախագիծը, որը «Վրացական երազանքը» պատրաստվում է ընդունել, չպետք է հակասի Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«Ինձ համար դժվար կլինի նախօրոք գնահատել օրենքի նախագծի բովանդակությունը, բայց մի բան պարզ է, որ այն չպետք է հակասի Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքներին, պետք է պաշտպանի հավասարության սկզբունքը և չսահմանափակի խոսքի և արտահայտման ազատությունը։ Սպասում եմ օրենքի նախագծին, որին ծանոթանալուց հետո կկարողանամ գնահատել մանրամասները»,- նշում է հանրային պաշտպանը։
Փետրվարի 29-ին կայացած ճեպազրույցում «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցության որոշմամբ կպատրաստվի օրենսդրական նախաձեռնություն, որը «հասարակությունը կպաշտպանի կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։ Մդինարաձեն ասում է, որ «ԼԳԲՏ քարոզչությունը կործանարար է ապագա սերունդների համար»։
Կառավարությունը պատրաստ է ներգրավվել օրենքի նախագծի նախապատրաստման գործում։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ամենակարևորն այն է, որ մշակված փաստաթուղթը չհակասի Սահմանադրությանը։
Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները կարծում են, որ իշխող կուսակցությունը փորձում է շեղել հանրության ուշադրությունը երկրում առկա իրական խնդիրներից։ «Քաղաքացիներ» կուսակցության անդամ Քեթևան Թուրազաշվիլին նման խնդիրների թվում նշել է կանանց սպանությունները, թմրանյութերից երիտասարդների կախվածությունը, պեդոֆիլիան։ «Գիրչիի» անդամ Իագո Խվիչիան կարծում է, որ «Վրացական երազանքը», ըստ էության, մտադիր է սահմանափակել խոսքի ազատությունը։
Ռուսաստանում մոտ երկու տարի է, ինչ գործում է «ԼԳԲՏ քարոզչությունն» ամբողջությամբ արգելող օրենքը։ Մինչ այդ՝ 2013 թվականից «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը» արգելված էր միայն անչափահասների շրջանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված օրենքի համաձայն՝ «ԼԳԲՏ քարոզչության» համար տուգանքը ֆիզիկական անձանց համար կազմում է 400 հազար ռուբլի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 5 միլիոն ռուբլի։ Օրենքը տարածվում է տարբեր ոլորտների վրա՝ ներառյալ առցանց և օֆլայն կինոթատրոնները, թատրոնը, լրատվամիջոցները, գովազդային բիզնեսը և սոցիալական ցանցերը։ «Ռոսկոմնադզորն» իրավունք ունի առանց դատարանի որոշման արգելափակել ինտերնետային ռեսուրսները, որոնք պարունակում են «ոչ ավանդական հարաբերությունների», պեդոֆիլիայի և սեռափոխության «քարոզչություն»։
