Մառնեուլիի Պետական ​​անվտանգության ծառայության նախկին աշխատակից Իլհամ Ախիևը ձերբակալվել է կնոջը անձնական կյանքի կադրերով շանտաժի ենթարկելու և շորթելու մեղադրանքով։ Այս մասին տեղեկություն է տարածել «Պիրվելի» հեռուստաընկերությունը։ Մեղադրյալի հայրը լրագրողին հաստատել է, որ որդին 20 տարի աշխատել է անվտանգության ծառայությունում, իսկ երկու ամիս առաջ ձերբակալվել է։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ «Պիրվելիի» հեռուստաընկերության՝ գործով երկու մեղադրյալ կա՝ Իլհամ Ախիևը և անշարժ գույքի մի կին գործակալ։ Մեղադրյալները Ռուսաստանում բիզնես ունեցող տուժողին անձնական կադրերով շանտաժի ենթարկելով և հրազենով սպառնալով ստիպել են Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցում գնած թանկարժեք բնակարանը գրանցվել անշարժ գույքի գործակալի անունով։

«Թբիլիսիում, Փոնիճալայի հյուրանոցներից մեկում երկու համար են վարձել։ Մեղադրյալը հանդիպել է տուժողին և տաքսիով նրան տեղափոխել հյուրանոցի վերը նշված սենյակ։ Սենյակ մտնելուն պես սկսել է շոյել նրան, և գոտկատեղից վերև հանել շորերը, ընթացքում երկրորդ մեղադրյալն իր բջջային հեռախոսով տեսագրել է անձնական կյանքին վերաբերող տեսանյութ։ Նրանք փակել են հյուրանոցի սենյակի դուռը և տուժողին ստիպել են իրենց անունով ձևակերպել բնակարանը»,- ասել է գործի դատախազը։

Բնակարանը իրենց վրա գրանցելուց հետո, նրանք երկու անգամ գումար են շորթել գործարար կնոջից՝ սպառնալով հրապարակել նրա անձնական կյանքին վերաբերող կադրերը։ Ըստ դատախազի՝ հանցավոր գործողությունների արդյունքում տուժողին պատճառվել է մոտ 188 000 լարիի գույքային վնաս։

Մեղադրյալ Իլհամ Ախիևի հայրը կարծում է, որ իր որդին անմեղ է։ «Կարծում եմ՝ սարքել են։ Լավ էր աշխատում, մրցանակներ ուներ, մայորի կոչում ուներ»,- «Պիրվելիին» տված հարցազրույցում ասել է նա։

Մառնեուլիից քաղաքացիական ակտիվիստ Սամիրա Բայրամովան հայտնել է, որ մինչ ձերբակալությունը Իլհամ Ախիևը խոսել է իր նկատմամբ աշխատանքի վայրում խտրականության մասին և խնդրել է հանդիպում՝ քննարկելու այս հարցը։ Բայրամովայի խոսքով՝ Ախիևն ասել է, որ իրեն «գաղտնալսում են»։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):