Խազարաձեն ներողություն է խնդրում հայերից իշխող կուսակցության «այլատյաց պոռթկումների» համար

«Իվանիշվիլիի և նրա ենթակաների ռուսական, «կագեբեշնիկական» քարոզչությունը հատել է բոլոր սահմանները»,- «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն սոցցանցում արձագանքել է իր դեմ սկսված հայատյաց արշավին։ Խազարաձեն ներողություն է խնդրում հայ ժողովրդից։

«Վերջին զրպարտչական արշավը ազդեց ոչ միայն ինձ վրա, այլև մեր եղբայրական ժողովրդին՝ հայերին։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից «Երազանքի» անամոթ ու անբարոյական այլատյաց պոռթկումների համար։ Եթե ​​իմ նախնիներից մեկը լիներ հայ կամ մեկ այլ եղբայրական ազգի ներկայացուցիչ, ես այդ մասին բացահայտ և համարձակ կասեի, ովքեր անհանգստացած են նման լուրերով կամ ամաչում են իրենց ծագման համար՝ այլատյաց են։

Կեցցե վրացիների, հայերի, հրեաների, ադրբեջանցիների, քրդերի, եզդիների և մյուս եղբայրական և բարեկամ ազգերի համակեցությունը ուժեղ Վրաստանում: Կեցցե ուժեղ Վրաստանն իր բազմազանությամբ, կենսուրախությամբ և անկեղծ հարաբերություններով, Բիձինան և ԿԳԲ-ն պետք է ավարտվեն հոկտեմբերի 26-ին: Նաև, կեցցեն ձեր նախնիները, ինչպես իմը՝ Խունդաձեները, Խազարաձեները, Բաշալեիշվիլիները և Ադեիշվիլիները»,- գրել է Մամուկա Խազարաձեն Facebook-ում։

Իշխանական POSTV լրատվամիջոցը խորհրդարանական ընտրություններից առաջ հայատյաց արշավ է սկսել Մամուկա Խազարաձեի դեմ։ Սեպտեմբերի 30-ին քարոզչական ալիքը հրապարակել է «Խազարաձեի հայկական շալախոն» վերնագրով տեսահոլովակը, որտեղ փոխված են հայտնի երգերից մեկի խոսքերը։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 11-ին, POSTV-ի լրագրողը Խազարաձեի հետ հարցազրույց է արել և պահանջել պատասխանել այն հարցին, թե ինչու է նա թաքցնում իր հայկական ծագումը։ «Մենք գիտենք, որ դուք ծագումով հայ եք, և ամաչո՞ւմ եք դա ընդունել։ ...Հայերը մեր եղբայրական ազգն են, լավագույն մարդիկ, ինչո՞ւ եք ամաչում դա խոստովանել»,- հարցրել է լրագրողը Խազարաձեին։

Մամուկա Խազարաձեի դեմ արշավը, ինչպես 90-ականներին, ընկալվեց որպես ազգամիջյան հակամարտությունն սրելու փորձ և գնահատվեց որպես այլատյացություն։ «Բազմազգ Վրաստան» շարժումը POSTV-ի դեմ բողոք է ներկայացրել լրագրողական էթիկայի խարտիային։ Հասարակական կազմակերպությունը կարծում է, որ ալիքով հեռարձակվող տեսանյութը (հարցազրույցը) խտրական է, քանի որ այն հիմնված է հասարակության մեջ հաստատված կարծրատիպային վերաբերմունքի վրա, «որին ընտրություններին մասնակցող կուսակցությունները հաճախ դիմում են նախընտրական շահարկումների և քաղաքական նպատակների համար»:

Այս խնդրին արձագանքել է նաև հանրային պաշտպան Լևան Իոսելիանին։ Նրա խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցների հիմնական գործառույթը հարցեր տալն է, այն չպետք է լինի խտրական։ «Կարևոր չէ, թե Վրաստանի քաղաքացին որ էթնիկ խմբին է պատկանում։ Սահմանադրությամբ ու օրենքով մենք բոլորս հավասար ենք»,- գրել է Իոսելիանին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։