Վրաստանի ներքին գործերի նախարարությունը Ադրբեջանին արտահանձնելու նպատակով ձերբակալել է լրագրող Աֆղան Սադիգովին, ով քաղաքական բռնաճնշումների պատճառով լքել է հայրենիքը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԳՆ Սպասարկման գործակալությունը սկսել է մեկ տարի ժամկետով միջազգային վարորդական վկայականներ տրամադրել
- 2 ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչը կրկնել է Օգոստոսյան պատերազմի վերաբերյալ «Վրացական երազանքի» հայտարարությունը
- 3 «Վրացական երազանքը» դադարել է երազանք լինելուց, այն դարձել է մղձավանջ. նախագահ
- 4 ՌԴ արտաքին հետախուզությունը հայտնում է, որ ԱՄՆ-ը «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստում Վրաստանում
- 5 Ուկրաինացիները Կուրսկում վերահսկում են 28 բնակավայր, 2 հազար մարդու ճակատագրից տեղյակ չենք․ Սմիրնով
- 6 Կոբախիձեն 22 ընտրատարածքներում ներկայացրել է «Վրացական երազանքի» պատվիրակներին
Լրագրողին տեղափոխել են ժամանակավոր պահման վայր։ Նրա արտահանձնման մասին որոշումը պետք է կայացնի դատարանը։
«Կենտրոնական քրեական ոստիկանության բաժնի կողմից հետագա արտահանձնման նպատակով ձերբակալվել է սպառնալիքների և շորթման մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացի Ա. Ս.-ն։ Նշված անձը հետախուզվում էր 2024 թվականից՝ սպառնալիքի և շորթման հանցագործության համար»,- հայտնում են ՆԳՆ-ից։
Փաստաբան Դիմիտրի Նոզաձեն ՆԳՆ-ից գործի նյութերը ստանալուց հետո ասել է, որ Սադիգովի դեմ գործը Ադրբեջանում հարուցվել է մայիսին, իսկ վրացական կողմը նրա արտահանձնման մասին պահանջը ստացել է հուլիսին։ Փաստաբանը չի բացառում, որ շորթման գործը շինծու է․ «Կարևոր հանգամանք է, որ Աֆղան Սադիգովը բնակության վկայական ունի, ազատ տեղաշարժվել է այստեղ»,- նշել է փաստաբանը։
Azel.tv անկախ հրատարակության խմբագիր Աֆգան Սադիգովի ձերբակալության մասին լուրը օգոստոսի 3-ին հրապարակել է նրա կինը։ Սևինչ Սադիգովան ասում է, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։
«Ադրբեջանի իշխանություններն անհանգստացած էին, որ Աֆղանը երրորդ երկիր կգնա Վրաստանից, և հապճեպ քրեական գործ հարուցեցին։ Նա պատժվում է անարդարության, կամայականության, անօրինականության մասին չլռելու համար։ Աֆղանը չի լռել նաև Վրաստանում և սոցիալական ցանցերում շարունակել է քննադատել Ադրբեջանի կառավարությանը»,- ասել է Սադիգովան։
Աֆղան Սադիգովը Վրաստանում է ապրում 2023 թվականի դեկտեմբերի 24-ից։ Մոտ երկու շաբաթ առաջ նա կնոջ և երկու անչափահաս աղջիկների հետ փորձել է մեկնել Թուրքիա, սակայն Թբիլիսիի միջազգային օդանավակայանի վրացի սահմանապահները նրան թույլ չեն տվել հատել սահմանը։ Այն ժամանակ Սադիգովին չեն ձերբակալել, և ասել են, որ նա կարող է միայն Ադրբեջան վերադառնալ։
Ձերբակալությունից մեկ օր առաջ՝ օգոստոսի 2-ին, Սադիգովը հանդիպել է Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի հետ։ Լրագրողը սոցցանցում գրել է, որ օմբուդսմենն իր ափսոսանքն է հայտնել օդանավակայանում իրեն մեկնել թույլ չտալու համար և խոստացել հնարավորինս արագ ուսումնասիրել այս հարցը։
Ադրբեջանի իշխանությունները Աֆգան Սադիգովին շորթման մեղադրանքով ձերբակալել են 2020 թվականի մայիսին։ Նույն թվականի նոյեմբերին նա դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Սադիգովը հերքել է մեղադրանքը և ի նշան բողոքի՝ բանտում հացադուլ է հայտարարել։ Տեղի իրավապաշտպանները նրան ճանաչել են որպես քաղբանտարկյալ։ Սադիգովը 2022 թվականի մայիսի վերջին նախագահ Իլհամ Ալիևի կողմից ներում ստացած դատապարտյալներից մեկն է։
2017 թվականին Վրաստանը Ադրբեջանի իշխանություններին է հանձնել հետաքննող լրագրող Աֆղան Մուխթարլիին։ 2015 թվականից Վրաստանում բնակվող Մուխթարլին Թբիլիսիի կենտրոնից անհետացել է 2017 թվականի մայիսի 29-ին, իսկ հաջորդ օրը նա հայտնվել է Ադրբեջանի ոստիկանական խցում։ Ադրբեջանում Աֆղան Մուխթարլիին մեղադրել են սահմանն ապօրինի հատելու, մեծ քանակությամբ արտարժույթի մաքսանենգության և ոստիկանությանը չենթարկվելու մեջ։ Նա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։ 2020 թվականի մարտին Մուխթարլին ազատ է արձակվել, որից հետո մեկնել է Գերմանիա։ Վրաստանի Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին ձերբակալվելուց հետո հայտարարել է, որ Մուխթարլիին Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով առևանգել են «ՊԱԾ-ի աշխատակիցները»։