Ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին Վրաստանը դարձել է Ռուսաստանին գինի մատակարարող երկրորդ երկիրը։ Ինչպես գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, վճարումների դժվարությունների բացակայության և պարզ լոգիստիկայի արդյունքում, 2023 թվականի հունվար-մարտին, Վրաստանից Ռուսաստան է արտահանվել 13.1 մլն լիտր գինի, ինչը նախորդ տարվա համեմատ 49 տոկոսով ավելի է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Վրաստանը հետ է թողել Իսպանիային, որտեղից ռուսական շուկա է արտահանվել 12.2 մլն լիտր գինի։ Առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան։
Ռուսաստանի ալկոհոլային խմիչքների շուկայում Վրաստանի մասնաբաժնի աճը չի սահմանափակվում միայն գինիներով։ Վրաստանից ներկրված փրփրուն գինիների ծավալն աճել է մոտ 8.5 անգամ և կազմել 371.99 հազար լիտր։ Վրացական կոնյակի և բրենդի ծավալը հասնում է 2.66 մլն լիտրի (աճը՝ 120%), ինչը կազմում է այս կատեգորիայի ամբողջ ներմուծման գրեթե 60%-ը։
LADOGA ընկերությունը, որը ռուսական ալկոհոլային խմիչքների շուկայի առաջատարներից է, 29%-ով ավելացրել է վրացական գինիների ներկրումը։ Ընկերության զարգացման տնօրեն Դմիտրի Իսաչենկովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2022 թվականի վերջին սկսել են ներկրել «Թելիանիի» ապրանքները, որոնք Ռուսաստանում չէին ներկայացվում մի քանի տարի։ Մեկ այլ ընկերության՝ Luding Group-ի ներկայացուցիչ Անդրեյ Ուշակովը նշել է, որ փրփրուն գինիների կատեգորիայի ներմուծման կտրուկ աճ է նկատվում, այդ թվում՝ «Ասկանելի» ապրանքանիշի զարգացման շնորհիվ։
Ռուսաստանում ակնկալում են, որ Վրաստանը կամրապնդի իր երկրորդ տեղը գինի արտահանող երկրների շարքում։
Վրաստանի գինու ազգային գործակալությունը չի հրապարակել հունվար-մարտ ամիսներին արտահանված ալկոհոլային խմիչքների մասին վիճակագրական տվյալներ։ Ըստ Սաքստատի տվյալների՝ այս ընթացքում երկրից արտահանվել է մոտ 56 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ գինի, որից 38 միլիոնը՝ Ռուսաստան։
