Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես առաջադրել է Դոնալդ Թրամփի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։ Կուսակցության համագումարը երեք օր անցկացվել է Միլուոկի քաղաքում։ 78-ամյա Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով հավաքված պատվիրակների առջև, հայտարարել է, որ ընդունում է առաջադրումը և հավակնում է ոչ թե կեսի, այլ ամբողջ Ամերիկայի նախագահի պաշտոնին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Մեր հասարակության մեջ առկա տարաձայնություններն ու պառակտումները պետք է բուժվեն։ Քանի որ մենք՝ ամերիկացիներս, ունենք ընդհանուր ճակատագիր, ես լինելու եմ ամբողջ Ամերիկայի նախագահը, ոչ թե Ամերիկայի կեսի նախագահը, քանի որ Ամերիկայի կեսը չի հաղթի», - ասել է Թրամփը։
Դոնալդ Թրամփը խոսել է նաև հուլիսի 13-ին իր վրա կատարված հարձակման մասին և շնորհակալություն հայտնել ամերիկացիներին սիրո և աջակցության համար։
Նա ավանդաբար քննադատել է նախագահ Ջո Բայդենի վարչակազմը՝ նշելով, որ երկիրը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է։ Թրամփը խոստացել է ընտրողներին, որ վերջ կդնի բոլոր միջազգային ճգնաժամերին, ներառյալ Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմը, թեև հստակ չի ասել, թե ինչպես։
«Եվրոպայում և Մերձավոր Արևելքում պատերազմ է մոլեգնում, հակամարտությունների աճող ուրվականը տարածվում է Թայվանի, Կորեայի, Ֆիլիպինների և ամբողջ Ասիայի վրա, և մեր մոլորակը գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, և դա կլինի այնպիսի պատերազմ, ինչպիսին մինչ այդ երբևէ չենք տեսել»:
«Ես կվերջացնեմ ներկայիս վարչակազմի կողմից ստեղծված յուրաքանչյուր միջազգային ճգնաժամ, ներառյալ սարսափելի պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, որը երբեք չէր լինի, եթե ես նախագահ լինեի, և Իսրայելի վրա հարձակման հետևանքով առաջացած պատերազմը, որը երբեք չէր լինի իմ նախագահության օրոք»,- ասել է Թրամփն իր եզրափակիչ ելույթում։
Համագումարի ժամանակ Դոնալդ Թրամփը փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահանգի 39-ամյա սենատոր Ջեյ Դի Վենսին։
2024 թվականի նախագահական ընտրություններում Թրամփի մրցակիցը դեմոկրատ Ջո Բայդենն է, ում կոչ են անում հանել թեկնածությունը։ 81-ամյա գործող նախագահը ներկայում վարակվել է Covid-19-ով և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
Ինչպես գրում է Washington Post-ը, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դաշնակիցներին ասել է, որ Բայդենը պետք է լրջորեն վերանայի իր վերընտրվելու հայտը, և որ հաղթելու իր հնարավորությունները «էականորեն նվազել են»։ Բարաք Օբամայի նախագահության օրոք հենց Ջո Բայդենն էր փոխնախագահ։
Նախագահ Բայդենը հերքում է իր տարիքի և առողջության հետ կապված մտահոգությունները և ասում, որ չի պատրաստվում հանել իր թեկնածությունը։
Միլիարդատեր գործարար, հանրապետական Դոնալդ Թրամփը 2017-2020 թվականներին արդեն եղել է ԱՄՆ նախագահ։ Նա մասնակցել է նաև 2020 թվականի նոյեմբերի ընտրություններին, սակայն պարտվել է Բայդենին։ Թրամփը պնդել է, որ ընտրությունները կեղծվել են, և այդ պատճառով ինքը չի ընդունի իր պարտությունը։
