Թբիլիսիում դարանակալել և հարձակվել են 22-ամյա Լերի Դարջանիայի վրա, ով ռուսական օրենքը քննադատող ուսանողներից է։ Այս մասին տեղեկությունը տարածել են նրա ընկերները։ Նրանց տվյալներով՝ հարձակմանը մասնակցել է 6-7 մարդ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Առավոտյան, ժամը 8-ին ընկերոջս՝ Լերի Դարջանիային դիմավորել և ֆիզիկական բռնության են ենթարկել «Երազանքի» տիտուշկաները, մոտ 7 մարդ է մասնակցել։ «Վրացական երազանքը» չի ավարտում քաղաքական հաշվեհարդարները։ Լերին ըմբիշ է ու գիտեին, որ մեկ-երկու բորենի չէր կարողանա ծեծել։ Լերին լավ կլինի, բայց հոկտեմբերի 26-ին բոլորը կոշտ պատասխան կստանան»,- ասում է Դաթունա Դանելիան։

Լերի Դարջանիան վնասվածքներ ունի դեմքի և գլխի հատվածում։ Նա տեղափոխվել է «Կովկասի» բժշկական կենտրոն։

«Մենք դա կապում ենք Դիտո Սամխարաձեի [իշխող կուսակցության պատգամավոր-խմբ.] և «Վրացական երազանքի» ծրագրած հարձակումների հետ։ Հարկ է նշել, որ Լերին ակտիվ չէ, չի զբաղվում քաղաքական իրադարձություններով, թեև հաճախ է եղել ակցիաներին և հավանաբար նկատել են «Վրացական երազանքի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները։

Լերին ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը։ Նման հարձակումները, անշուշտ, կշարունակվեն ոչ միայն այն մարդկանց վրա, ովքեր ուղղակիորեն բեմում էին կամ ցույցերն էին կազմակերպում, այլև բոլոր նրանց, ովքեր ներկա էին ցույցին։ Նրանք, ովքեր դեմ են արտահայտվել ռուսական օրենքին, կդիմավորվեն իրենց տների մոտ»,- ասում է «Նաբիջի» ուսանողական շարժման անդամ Լուկա Չոխոնելիձեն։

ՆԳՆ-ն հայտարարել է, որ հետաքննությունը տարվում է քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածով, որը վերաբերում է բռնությանը։

Հունիսի 11-ին նմանատիպ հարձակում էր տեղի ունեցել քաղաքացիական ակտիվիստ Զուկա Բերձենիշվիլիի վրա։ Առավոտյան նրա տան մոտ մի քանի հոգի հարձակվել են նրա վրա և վնասվածքներ հասցրել դեմքի շրջանում։ Հարձակումից մեկ ժամ առաջ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որտեղ գրել է, որ Զուկա Բերձենիշվիլին մասնակցում է «կազմակերպված և քաղաքական դրդապատճառներով ահաբեկչության» իշխող կուսակցության անդամների դեմ։ Պապուաշվիլիի խոսքով՝ նա սպառնալով և վիրավորանքներով էր զանգահարում պատգամավորներին։

Հունիսի 7-ին Թբիլիսիի պետական ​​համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հարձակման է ենթարկվել ակտիվիստ Նիկո Մանագաձեն՝ «Հանուն ազատության» ուսանողական շարժման հիմնադիրը։ Նա այն ուսանողներից է, ով ամեն շաբաթ օրը համալսարանի մոտ դիմավորում է վարչապետ Իրակլի Կոբախիձեին ու բողոքում ռուսական օրենքի դեմ։

Ավելի վաղ, այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» օրենքի ընդունմանը զուգահեռ, ֆիզիկական բռնության են ենթարկվել ռուսական օրենքին դեմ հանդես եկող ակտիվիստներ և քաղաքական գործիչներ՝ Նոդար Չաչանիձեն, Լաշա Գվինիանիձեն, Գիորգի Մումլաձեն, Դիմիտրի Չիքովանին, Բորիս Չելե Կուրուան և Գիա Ջափարիձեն։ ՆԳՆ-ն հարձակման ոչ մի դեպք չի քննել և որևէ մեկին պատասխանատվության չի ենթարկել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):