Այսօր Ռուսթավիում զինված անձը մուտք է գործել այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածք և կրակ բացել տեղում աշխատողների ուղղությամբ։ Սպանվել է չորս մարդ, վիրավորվել՝ մեկը։ Ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են 36-ամյա Գ.Օ.-ին։
«112-ը հաղորդագրություն է ստացել, Ռուսթավի քաղաքում, այսպես կոչված Ստամբուլի շուկայի տարածքում հնչած կրակոցների վերաբերյալ։ Ծանուցումը ստանալուն պես անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։
Պարզվել է, որ 1988 թվականին ծնված Գ.Օ.-ն մի քանի կրակոց է արձակել շուկայի տարածքում։ Կրակոցների արդյունքում չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ մեղադրյալի հորեղբայրներից մեկը, ով աշխատում էր նշված շուկայում։ Իսկ մեկ անձ՝ մեղադրյալի հորեղբոր որդին, վիրավորվել է»,- հայտարարել են ՆԳ նախարարությունից։
Վիրավորը հոսպիտալացված է։
Դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ Հանցագործության դրդապատճառը այս պահին հայտնի չէ։
