«Փոփոխությունների կոալիցիան» հրաժարվում է պատգամավորական մանդատներից

Ընդդիմադիր «Կոալիցիա հանուն փոփոխությունների. Գվարամիա, Մելիա, Գիրչի, Դրոա» ընդդիմադիր միավորումը հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները համարում է կեղծված, հրաժարվում է պատգամավորական մանդատներից և ամբողջությամբ չեղարկում կուսակցության ցուցակը։

«Մենք չենք պատրաստվում լեգիտիմացնել վրաց ժողովրդի գողացված ձայները, մենք հրաժարվում ենք մեր իսկ պատգամավորական մանդատներից։ Ես՝ Նանա Մալաշխիան՝ ցուցակի առաջին համարը, մտել եմ քաղաքականություն գաղափարների և այս երկրի շահերը պաշտպանելու համար։ Այսօր ես հրաժարվում եմ իմ պատգամավորական մանդատից»,- ասել է Մալաշխիան:

Մինչ այդ կոալիցիայի ղեկավար Նիկա Գվարամիան ասել էր, որ չորս ընդդիմադիր կուսակցությունները մեծամասնություն են ստացել, և իրենք ծրագրում են պայքարել ձայները պահպանելու համար։

«Վրաստանում երեկ տեղի է ունեցել սահմանադրական հեղաշրջում և իշխանության յուրացում։ Վրաց ժողովրդի կամքն ամբողջությամբ անտեսվել է։ Վրաստանի խորհրդարանը ոչ լեգիտիմ է։

Վրաստանում ռուսական հատուկ գործողություն է անցկացվել, Վրաստանում տեխնոլոգիական հատուկ գործողություն է անցկացվել։ Ես չեմ կարող մեղադրել որևէ ընդդիմադիր կուսակցության, որևէ դիտորդի կամ հանձնաժողովի անդամի, որևէ հասարակական կազմակերպության, որևէ անձի, ով այս գործընթացում իրեն դիտորդ է գրանցել, քանի որ տեխնոլոգիական գործընթացը մեզ համար անհնար է վերահսկել։ Այս մեքենաները ստուգվել են իշխանության կողմից, ընդդիմությանը թույլ չեն տվել մասնակցել այս աուդիտին, մենք չգիտենք, թե ինչպես է այդ աուդիտը անցկացվել և ինչ է հայտնաբերվել։ Սա ռուսական հատուկ ծառայությունների կողմից բացահայտ ծրագրված հատուկ գործողություն է, և մենք չենք պատրաստվում ենթարկվել ռուսական ռեժիմին և անտեսել վրաց ժողովրդի կամքը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մենք ծրագիր ունե՞նք, թե՞ ոչ, ինչպես ենք պաշտպանելու վրաց ժողովրդի կամքը, այդպիսի ծրագիր կա։ Բնականաբար, սա կլինի լայնամասշտաբ անհնազանդություն այն պատճառով, որ Վրաստանը վերագտնի ժողովրդի կամքը և վերականգնի արդար ընտրությունները՝ որպես պետության կարևորագույն գործառույթ»,- ասել է Նիկա Գվարամիան։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հոկտեմբերի 27-ի ժամը 19:00-ի տվյալներով (հաշվարկված է տեղամասերի 99,98%-ը) ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

  • «Վրացական երազանք»՝ 53,92%,
  • «Փոփոխությունների կոալիցիա»՝ 11,037%,
  • «Միասնություն-Ազգային շարժում»՝ 10,164%,
  • «Ուժեղ Վրաստան»՝ 8,814%,
  • «Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7,771%։

«Ֆորմուլա» և «Մթավարի» հեռուստաընկերությունների պատվերով անցկացված exit poll-երի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել է ընդդիմությունը, իսկ իշխող կուսակցությունն ունի ընդամենը 40,9 տոկոս։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։