Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը արձագանքել է Վրաստանում Եվրոպայի օրը տեղի ունեցող իրադարձություններին։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր պետք է պատրվակ լինի տոնելու համար, չնայած սիրտս ցավում է։ Մեր հարաբերությունները պետք է հիմնված լինեն ընդհանուր արժեքների և ուժեղ քաղաքացիական հասարակության աջակցության վրա, որտեղ տեղ չունեն «ժողովրդի թշնամիների» ցուցակները և անանուն հեռախոսազանգերը։ Ո՞ւր ես գնում, Վրաստան»,- X սոցիալական ցանցում գրել է Տոյվո Կլաարը։

Մայիսի 8-ին խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արդեն հրապարակավ հայտարարեց, որ կուսակցական կառույցների միջոցով իրենք ստեղծելու են տվյալների բազա, որտեղ տեղեկատվություն կհավաքվի բոլոր այն մարդկանց մասին, «ովքեր ներգրավված են բռնության, այլ անօրինական գործողությունների, սպառնալիքների և շանտաժի մեջ կամ հրապարակայնորեն հավանություն են տալիս նման գործողություններին»:

 «Վրացական երազանքի» պատգամավոր Իրակլի Զարքուան ընդլայնեց թեման և ասաց, որ «պետք է կազմվի այն անհայրենիքների ցուցակ, ովքեր չեն հավատում Աստծուն, ծնողներին, երկրին կամ որևէ այլ բանի, որպեսզի հասարակությունն իմանա, թե ով է կանգնած այս հակավրացական, հակապետական ​​գործողությունների ետևում և ով է դրանք կազմակերպողը»։

Լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին ու ուսանողներին, ովքեր ակտիվորեն դեմ են արտահայտվում «գործակալների մասին» ռուսական օրենքին, անհայտ անձինք հեռախոսով զանգահարում, հայհոյում ու սպառնում են։

Բացի այդ, անկախ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները դարձել են կառավարության ատելության քարոզարշավի թիրախ։ Մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը նրանց տների և գրասենյակների մոտ փակցրել են վիրավորական, արժանապատվությունը ոտնահարող, սպառնալից և բռնություն խրախուսող պաստառներ։

Ռուսական օրենքի հակառակորդները նաև ֆիզիկական հարձակման են ենթարկվել։ Անհայտ անձինք հարձակվել են «Ազգային շարժման» անդամ Դիմիտրի Չիքովանիի, «Ճավճավաձեի կենտրոնի» հետազոտող Գիա Ջափարիձեի, բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկի, բայքեր Լաշա Ղվինիանիձեի, «Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» հասարակական կազմակերպության տնօրեն Գիորգի Կլդիաշվիլիի և ուսուցիչ Լադո Աբխազայի վրա։ Մայիսի 3-ին ֆիզիկական բռնության են ենթարկվել բողոքի ակցիային մասնակցող երիտասարդները, ինչի համար ՆԳՆ-ն ոչ ոքի չի ձերբակալել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):