Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել հուլիսի 18-ին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու մասին։ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել «Վրացական երազանքին» քննարկել և կողմ քվեարկել իր կողմից խորհրդարանին ներկայացված Ազգային բանկի խորհրդի անդամի թեկնածությանը, «որպեսզի Ազգային բանկի խորհրդի ձևավորման գործընթացն այլևս չհետաձգվի և չձգձգվի»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Նախագահը մայիսի 24-ին խորհրդարանին է ներկայացրել Էկատերինե Ղազաձեի թեկնածությունը։ Մինչ այդ հատուկ ստեղծված հանձնաժողովը 5 թեկնածուի է առաջարկել, որոնց Սալոմե Զուրաբիշվիլին առանձին է հանդիպել ու զրուցել։
«Վրաստանի նախագահն իր լիազորությունների շրջանակում սահուն և թափանցիկ անցկացրեց ՎԱԲ-ի խորհրդի անդամության թեկնածուների ընտրության գործընթացը և 2024 թվականի մայիսի 24-ին Վրաստանի խորհրդարանին ներկայացրեց անկախ հանձնաժողովի կողմից ընտրված բարձր որակավորում ունեցող թեկնածուին, թեև մինչ այժմ ներկայացված թեկնածության քննարկումը խորհրդարանում ոչ մի մակարդակով չի սկսվել»,- այսօր հայտարարել են նախագահի աշխատակազմից։
Վրաստանի Ազգային բանկի խորհրդում 4 անդամների պաշտոնները թափուր են։ Ինչպես հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, հարցը կքննարկվի, եթե նախագահը խորհրդարանին ներկայացնի բոլոր թեկնածուներին։
«Ներկայացրեք բոլոր թեկնածությունները, և մենք կդիտարկենք դրանք։ Մի քիչ զարմանալի է, երբ կա 4 թափուր աշխատատեղ, ընտրվել է 5 պոտենցիալ թեկնածու և ինչ-ինչ պատճառներով ներկայացվում է միայն մեկը»,- ասել է Պապուաշվիլին։
Խորհրդարանի արտահերթ նիստը տեղի կունենա հուլիսի 18-19-ը։ Հինգշաբթի օրը՝ հուլիսի 18-ին, իրավական հարցերի հանձնաժողովը կլսի գլխավոր դատախազի թեկնածու Գիորգի Գաբիտաշվիլիին։ Նույն օրը լիագումար նիստում քվեարկության կդրվի Գիորգի Գաբիտաշվիլիի թեկնածությունը, իսկ ուրբաթ՝ հուլիսի 19-ին, լիագումար նիստում նախատեսվում է «Համաներման մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։
Հուլիսի 15-ին Շալվա Պապուաշվիլին դիմել է Վրաստանի նախագահին՝ արտահերթ նիստ նշանակելու խնդրանքով։
