Ազգային բանկի նախագահ Նաթիա Թուրնավան ցուցմունք է տվել Համաներդրումային հիմնադրամի նախկին տնօրեն Գիորգի Բաչիաշվիլիի գործով փակ դատական նիստում՝ նրան մեղադրելով Բիձինա Իվանիշվիլիից կրիպտոարժույթ յուրացնելու մեջ։
Ըստ Գիորգի Բաչիաշվիլիի՝ 2023 թվականի սեպտեմբերին Ազգային բանկը Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Քարթու Բանկ»-ին տուգանել է 200 000 լարիով բացառապես քրեական գործով կեղծ ապացույցներ ստեղծելու համար, թե իբր 2015 թվականին բանկը խախտել է կանոնները Բաչիաշվիլիին 5 միլիոն դոլար վարկ տրամադրելիս և տրված գումարը եղել է ոչ թե վարկ, այլ Իվանիշվիլիի ներդրումը։
Այսօրվա նիստը դատախազության պահանջով փակվել է, չնայած պաշտպանական կողմի բողոքին։ Թբիլիսիի քաղաքային դատարանից հեռանալիս Թուրնավան լրագրողներին հակիրճ մեկնաբանություն է տվել․
«Մեր ցանկացած գործողություն պայմանավորված է օրենքով։ Ամեն ինչ լիովին օրինական է։ Անհրաժեշտության դեպքում մենք միշտ պատժամիջոցներ և տուգանքներ ենք կիրառում բանկերի նկատմամբ։ Այս դեպքում էլ այդպես էր»։
Գործով մեղադրյալ Գիորգի Բաչիաշվիլին ասում է, որ Ազգային բանկը գործել է Բիձինա Իվանիշվիլիի ցուցումով։
«Ոչ մի փաստաթղթային ապացույց չկա, որ Իվանիշվիլին ներդրող է եղել։ Նաթիա Թուրնավան կրկին վերցրել է «Քարթու Բանկ»-ի նամակը, որտեղ բանկն ինքն է ասում, որ Իվանիշվիլին ներդրող է եղել, և դա բավական է, որ մենք տուգանենք «Քարթու Բանկ»-ին։
Ինքը՝ տիկին Նաթիան, հաստատեց, որ սա միակ դեպքն է Ազգային բանկի պատմության մեջ, երբ վարկը վերաորակավորվում է որպես ներդրում, սակայն հարցաքննության ժամանակ ասաց, որ այս ներդրումը չի նշանակում այս բանկի իրական սեփականատիրոջ ներդրում։ Այսինքն՝ Ազգային բանկի պրակտիկայում չկա դեպք, որ նրանք որևէ բանկից վարկ վերցնեն և վերաորակավորեն որպես այս բանկի հիմնադրի ներդրում»,- ասել է Գիորգի Բաչիաշվիլին։
Վրաստանի Ազգային բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեի գնահատմամբ՝ «Քարթուին» կանխամտածված տուգանելը հանցավոր արարք է, որը «ծառայում է Իվանիշվիլիի կողմից Բաչիաշվիլիից հարյուրավոր միլիոն դոլարի ակտիվներ կորզելուն»։
«2023 թվականի փետրվարի 15-ին Վրաստանի Ազգային բանկը տուգանեց «Քարթու» բանկին 64 հազար լարիով և անմիջապես հրապարակեց այդ փաստը։ Պարզվեց, որ նույն տարում Ազգային բանկը տուգանել է «Քարթու Բանկ»-ին 200 հազար լարիով, այս մասին միայն օրերս իմացանք Բաչիաշվիլիի դատավարությունից, որին Իվանիշվիլին դատի է տալիս։
Ազգային բանկը հանցավոր դավադրության մասնակից է։ Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ նա միտումնավոր տուգանեց սեփական բանկին, որպեսզի այս փաստն օգտագործի ապացուցելու, որ «Քարթուն» Բաչիաշվիլիին վարկ է տվել կանոնների խախտմամբ, և իրականում դա վարկ չէ, այլ Բիձինա Իվանիշվիլիի ներդրումը, և Բաչիաշվիլին եղել է նրա «դրված» (այինքն ձևական) անձը։
Այս նուրբ փաստաթղթով այսօր դռնփակ դատական նիստին ներկայացած Նաթիա Թուրնավան իրեն ներքաշել է սկանդալի մեջ, որը հետագայում կարող է թանկ արժենալ իր համար։ Սա նույնիսկ Փարցխալաձեի մասին արձակված հրամանագիրը չէ։
Դա օրինական ձևով ստեղծված փաստաթուղթ է, ցավոք, քաղաքական ճնշումների արդյունքում, ինչը Ազգային բանկի անկախության բացակայության ցուցանիշ է»,- ասել է Ռոման Գոցիրիձեն։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանն» այսօր արձագանքել է Գիորգի Բաչիաշվիլիի դեմ ընթացող դատական գործին։ Կազմակերպության կողմից պատրաստված ծավալուն ակնարկում նշվում է, որ 5 մլն դոլարի սեփականությունը պատկանում է Քարթու բանկին, ոչ թե Բիձինա Իվանիշվիլիին։ Ըստ այդմ՝ Իվանիշվիլին չի կարող շահույթ պահանջել այն միջոցներից, որոնք իր սեփականությունը չեն եղել։
«Իվանիշվիլիի և «նրա» բանկի միջև ինչպիսի դե ֆակտո հարաբերություններ էլ եղել են և կան, ներառյալ այն, որ, ինչպես դատարանում հայտարարեց Իվանիշվիլիի ներկայացուցիչ Ցիկվաձեն, Իվանիշվիլին 2015 թվականին «Քարթու Բանկ»-ի իրական սեփականատերն էր, դա չի նշանակում, որ բանկի սեփականությունը Իվանիշվիլիի սեփականությունն է։
Քարթու բանկը, ինչպես Վրաստանի ցանկացած այլ բանկ, ստեղծվել է բաժնետիրական ընկերության տեսքով։ Այն ժամանակ գործող և այսօր գործող օրենսդրության համաձայն, բաժնետիրական ընկերության գործընկերների պատասխանատվությունը սահմանափակվում է նրանց պատկանող բաժնետոմսերով, իսկ գործընկերները պարտատերերի առաջ պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար», - նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը։
Կազմակերպության գնահատմամբ՝ գործում չկա հստակ, համոզիչ և հետևողական ապացույցներ, որոնք թույլ կտան ցանկացած անկախ և անաչառ դատարանին մեղավոր ճանաչել Բաչիաշվիլիին։
Գիորգի Բաչիաշվիլին 2013-ից 2019 թվականներին զբաղեցրել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած Համաներդրումային հիմնադրամի ղեկավարի պաշտոնը։ Նա երկար տարիներ շատ մտերիմ է եղել Իվանիշվիլիի հետ և առանձնահատուկ վստահություն է վայելել։ 2023 թվականին Իվանիշվիլին Բաչիաշվիլիի դեմ բողոք է ներկայացրել դատախազություն։ Գործը վերաբերում է 8253,13 բիթքոյնի յուրացմանը և անօրինական եկամուտների օրինականացմանը, որը պատժվում է 9-ից 12 տարվա ազատազրկմամբ։ Ըստ մեղադրող կողմի՝ Գիորգի Բաչիաշվիլին 2015 թվականի ամռանը ներդրումներ է կատարել բիթքոյն մայնինգում, որից Բիձինա Իվանիշվիլին պատկանող գումարը կազմում էր 5 000 000 դոլար։ Բաչիաշվիլիի խոսքով՝ ինքը 5 միլիոն վարկ է վերցրել ու մեկ տարի անց փակել այն։ Դատախազության տվյալներով՝ բիթքոյնը, որը Իվանիշվիլին Բաչիաշվիլիին մեղադրում է յուրացման մեջ, յուրացման պահին արժեցել է 39 215 820 ԱՄՆ դոլար։
