Վրաստանի կառավարությունը արձագանքել է Մոսկվայում տեղի ունեցած հարձակմանը և իր ցավակցությունը հայտնել ռուս ժողովրդին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 4 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
- 5 FTM. «Իմեդի»-ի սեփականատեր Իրակլի Ռուխաձեի չորս բիզնեսները գրանցված են Նիդերլանդներում
- 6 Զատուլինի խոսքով՝ այս կառավարության օրոք Վրաստանը ստիպված կլինի մոռանալ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին միանալու մասին
«Վրաստանի կառավարությունը դատապարտում է Մոսկվայում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչությունը, որի արդյունքում տասնյակ անմեղ մարդիկ են զոհվել։ Մենք ցավակցում ենք ռուս ժողովրդին։ Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է կառավարության հաղորդագրությունում։
Ուրբաթ օրը՝ մարտի 22-ին, երեկոյան ժամերին Մոսկվայի ամենամեծ համերգասրահներից մեկում՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»-ում, որտեղ հազարավոր մարդիկ էին հավաքվել՝ մասնակցելու «Պիկնիկ» խմբի համերգին, անհայտ անձինք ներխուժել են ներս և կրակ բացել։ Ըստ ականատեսների՝ ինքաձիգներից կրակոցները սկսվել են համերգի մեկնարկից մի քանի րոպե առաջ՝ դահլիճի մուտքի մոտ, մարդկանց հերթում ու շարունակվել դահլիճում։
ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ։ Նրանց թվում կան երեխաներ։ Կոմիտեն ասում է, որ զոհերի թիվը կարող է աճել։ Առնվազն 140 մարդ վիրավորվել է։
Կրակոցներից հետո, հավանաբար, նռնակ կամ հրկիզող ռումբ է նետվել շենքի մեջ՝ ինչը դարձել է հրդեհի պատճառ։ Հրդեհը տարածվել է մոտ 12 հազար քառակուսի մետր տարածքի վրա, շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով։
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե պարզվի, որ հարձակվողները «Կիևի ռեժիմի ահաբեկիչներ են», ապա նրանք պետք է «անխնա ոչնչացվեն որպես ահաբեկիչներ»։
Ուկրաինան, որն ավելի քան երկու տարի պատերազմում է Ռուսաստանի դեմ, հերքել է կապը հարձակման հետ: Նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինան երբեք ահաբեկչական մեթոդների չի դիմել։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կտրականապես հերքել է ՌԴ կառավարության ներկայացուցիչների մեղադրանքները։
«Մենք կարծում ենք, որ նման մեղադրանքները ծրագրված սադրանք են Կրեմլի կողմից, որի նպատակն է էլ ավելի խորացնել հակաուկրաինական հիստերիան ռուս հասարակության մեջ, պայմաններ ստեղծել մեր պետության դեմ հանցավոր ագրեսիային մասնակցելու համար, ուժեղացնել Ռուսաստանի քաղաքացիների մոբիլիզացիան և վարկաբեկել Ուկրաինան միջազգային հանրության աչքում։ Պուտինյան բռնապետության համար կարմիր գծեր չկան։ Նա պատրաստ է քաղաքական նպատակներով սպանել սեփական քաղաքացիներին»,- հայտարարել են Ուկրաինայի ԱԳՆ-ից։
