Այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի է ունեցել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը։ Ինչպես հայտնել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կրկին Իրակլի Կոբախիձեին է առաջադրել որպես վարչապետի թեկնածու։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Ըստ մեր կանոնադրության՝ կուսակցության պատվավոր նախագահն իրավասու է առաջադրել վարչապետի թեկնածու, և, հավանաբար, առանձնահատուկ անակնկալ չի լինի այն, որ պարոն Բիձինա Իվանիշվիլին որպես վարչապետի թեկնածու ներկայացրեց Իրակլի Կոբախիձեին և, բնականաբար, նրան քաղխորհուրդն ամբողջությամբ սատարեց», - ասել է Մամուկա Մդինարաձեն քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։
Մդինարաձեի խոսքով՝ խորհրդարանի նիստից հետո «Վրացական երազանք» խմբակցությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում կներկայացնի Շալվա Պապուաշվիլիի թեկնածությունը։
«Նաև, ինչպես գիտեք, նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն խորհրդարանի առաջին նիստից հետո, դրա համար կոնկրետ վերջնաժամկետ է նշանակվել, և մենք այս ամսաթիվը կորոշենք առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,- ասել է Մդինարաձեն։
Ինչպես ասել է նա, քաղխորհրդի այսօրվա նիստում նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկում չի եղել։
«Վրացական երազանքը» նախատեսում է նոյեմբերի 25-ին՝ երկուշաբթի օրը, գումարել խորհրդարանի առաջին նիստը, անկախ այն բանից՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կօգտագործի սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները և կհրավիրի առաջին նիստը, թե ոչ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արձանագրության համաձայն՝ «Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում ստացել 150 մանդատներից 89-ը։ «Փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03% և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10,17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։
ԿԸՀ-ի վերջնական տվյալների հետ համաձայն է միայն «Վրացական երազանքը», իսկ ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահը կարծում են, որ ընտրությունները կեղծվել են։ Սալոմե Զուրաբիշվիլին և 34 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում են հակասահմանադրական ճանաչել ընտրությունների արդյունքները։
