Լավրովը Մոսկվայում կհանդիպի Աբխազիայի և Ցխինվալիի այսպես կոչված արտաքին գործերի նախարարներին

Հոկտեմբերի 4-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առանձին և ընդհանուր հանդիպում կանցկացնի օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի շրջանի դե ֆակտո արտգործնախարարներ Սերգեյ Շամբայի և Ախսար Ջիոևի հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«2024 թվականի օգոստոսին այս պաշտոնում նշանակվելուց հետո Սերգեյ Շամբայի համար սա կլինի Աբխազիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջին աշխատանքային այցը Ռուսաստան»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

Ռուս դիվանագետի խոսքով՝ նախարարները կքննարկեն ռուս-աբխազական և ռուս-հարավօսական հարաբերությունների և արտաքին քաղաքականության օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և խնդիրներ:

«Եռակողմ բանակցություններում ուշադրությունը կենտրոնացվելու է միջազգային հարաբերությունների ժամանակակից համակարգի վերափոխման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրների վրա, որի ժամանակ շեշտը դրվելու է Ժնևյան քննարկումների շրջանակում մոտեցումների համակարգման վրա»,- ասել է Զախարովան։

Օրեր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ում կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել էր Վրաստանի օկուպացված տարածքներին՝ Աբխազիային և Ցխինվալիի տարածաշրջանին (դե ֆակտո Հարավային Օսիայի Հանրապետություն) համարելով երկրներ և ասել, որ եթե կողմերը շահագրգռված լինեն, Ռուսաստանը պատրաստ է օգնել Վրաստանին հաշտվելու նրանց հետ։ Վրաստանի իշխանությունը դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։