«Իշխանությունը փորձում է լռեցնել ինձ, որպեսզի ես չխոսեմ Շովիի ողբերգության ու այլ սպառնալիքների մասին։ Այդպես եղել է 2021 թվականին՝ Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի կառուցման ժամանակ։ Այդ ժամանակ էլ իմ դեմ արշավ սկսեցին։ Ակնհայտ է, որ այս ամենը կապված է Շովիի, Ճիաթուրայի և ընդհանրապես շինարարության թեմաների վերաբերյալ իմ արած հայտարարությունների և դիրքորոշման հետ։ Ինձ անձնական կյանքով շանտաժ անելը չի ստացվի։ Չեմ լռի։ Մի փորձեք շանտաժի ենթարկել ինձ և ուշադրություն հրավիրել ինձ վրա։ Պատասխանեք ժողովրդին»,- այսպես է արձագանքել Իլիայի պետական համալսարանի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի ղեկավար, գիտնական Թեա Գոդոլաձեն իշխանամետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության տարածած այն տեղեկությանը, թե նրան մեղադրում են ընտանեկան բռնության մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
«Այս հարցը վերաբերում է իմ անձնական կյանքին և շատ ծանր է ինձ համար։ 2022 թվականի ապրիլի 7-ի գիշերը նախկին զուգընկերոջս կողմից ենթարկվել եմ ֆիզիկական և հոգեբանական բռնության, ինչի պատճառով ես բուժման կուրս եմ անցնում 2022 թվականի ապրիլից։ Այս փուլում գործը գտնվում է դատարանում։ «Ռուսթավի 2»-ի տարածած տեղեկատվությունը վերաբերում է 2 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի վրա հիմնված շինծու մեղադրանքին։ Իմ նախկին զուգընկեր Թեյմուրազ Շերգելաշվիլին, ով ներկայումս մեղադրվում է իմ նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության մեջ, գենդերային խտրականության հիմքով, կեղծ մեղադրանքներ է հորինել առանց ապացույցների՝ սադրանք ստեղծելու համար», - ասել է Գոդոլաձեն։
«Սափարի» կազմակերպությունը մեկ տարուց ավելի է, ինչ պաշտպանում է Թեա Գոդոլաձեի շահերը։ Ըստ «Սափարիի»՝ Գոդոլաձեն դարձել է զուգընկերոջ կողմից ֆիզիկական բռնության զոհ և տուժողի կարգավիճակ ունի։ Մեղադրյալի նկատմամբ կիրառվել է գրավ՝ 15 000 լարիի չափով։ Դատարանը շուտով կավարտի այս գործի քննությունը։
«Վրեժխնդիր լինելու և ճնշում գործադրելու նպատակով տղամարդն ինքն է մեղադրել տուժող կնոջը բռնության մեջ, սակայն Թեա Գոդոլաձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը դատարանը վերացրել է։ Չնայած դրան, դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել՝ բոլորովին անհիմն։ Նշենք, որ հանցագործների կողմից կին զոհին մեղադրելը, ցավոք, հաստատված պրակտիկա է։
Այս դեպքի հանրայնացումը փորձ է հանրության ուշադրությունը Թեա Գոդոլաձեի մասնագիտական գործունեությունից դեպի անձնական կյանք շեղելու։
Սև արշավի նպատակն է լռեցնել մասնագետին, ով միշտ բացահայտ և ակտիվորեն արտահայտում է իր քննադատական կարծիքը բնապահպանության և զարգացման խնդիրների վերաբերյալ։
Նա նախկինում բազմիցս է դարձել բանավոր հարձակումների առարկա, այդ թվում՝ պետական պաշտոնյաների կողմից»,- ասվում է «Սափարիի» տարածած հայտարարության մեջ։
Թեա Գոդոլաձեն, անդրադառնալով օգոստոսի 3-ին Շովիում տեղի ունեցած տարերային աղետին, առաջին օրերին ասել էր, որ հնարավոր է եղել խուսափել զոհերից, ինչի հետ իշխանությունը համաձայն չէ։ Ուստի նա անմիջապես դարձավ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի և իշխանության այլ ներկայացուցիչների կողմից հարձակման հասցեատերը։
Նշենք, որ 2023 թվականի հունիսին «Ռուսթավի 2»-ը տեղեկություն էր տարածել Իլիայի պետական համալսարանի ռեկտոր Նինո Դոբորջգինիձեի դատապարտման մասին։ Գործը վերաբերում է 2010 թվականին տեղի ունեցած ավտովթարին, որի ժամանակ զոհվել է Նինո Դոբորջգինիձեի ընտանիքի անդամը։ Այնուհետև Նինո Դոբորջգինիձեն ասել է, որ դա իրեն հոգեբանորեն ոչնչացնելու փորձ է և հարձակում համալսարանի վրա։
