Եվրախորհրդարանը 444 ձայնով բանաձև է ընդունել, որով կոչ է անում Եվրամիությանը պատժամիջոցներ կիրառել Բիձինա Իվանիշվիլիի, Իրակլի Կոբախիձեի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։ Եվրախորհրդարանը կարծում է, որ Վրաստանի խորհրդարանական ընտրությունները պետք է նորից անցկացվեն միջազգային վերահսկողության ներքո։ Բանաձևին դեմ է քվեարկել 72 պատգամավոր, իսկ 82-ը ձեռնպահ է մնացել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Եվրախորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները, որոնք ոչ ազատ են եղել, ոչ արդար, երկրի շարունակվող ժողովրդավարական նահանջի հերթական դրսևորումն են, որի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանքը»։
Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտում են բազմաթիվ և լուրջ ընտրախախտումները, ներառյալ ընտրողներին ահաբեկելու, ձայների մանիպուլյացիայի, դիտորդներին և լրատվամիջոցներին խանգարելու փաստագրված դեպքերը, ինչպես նաև էլեկտրոնային քվեարկության մեքենաների մանիպուլյացիայի մասին հաղորդումները: Նրանց կարծիքով, Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած քվեարկության արդյունքները «վրաց ժողովրդի կամքի վստահելի արտահայտություն չեն»։
Արդյունքում Եվրախորհրդարանը հրաժարվում է հոկտեմբերի 26-ի ընտրությունների ցանկացած ճանաչումից և կարծում է, որ նույնը պետք է անի միջազգային հանրությունը։ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են, որ նոր ընտրություններ կայանան մեկ տարվա ընթացքում՝ միջազգային սերտ վերահսկողությամբ և անկախ ընտրական վարչակազմով:
Եվրախորհրդարանն աջակցում է ընտրական մանիպուլյացիաների վերաբերյալ անկախ միջազգային հետաքննության կոչերին։ Նա կարծում է, որ Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է անձնական պատժամիջոցներ սահմանեն Վրաստանի այն քաղաքական առաջնորդների նկատմամբ, ովքեր պատասխանատու են ժողովրդավարության հետընթացի, ընտրական օրենսդրության և չափանիշների խախտման, ինչպես նաև պետական ինստիտուտների չարաշահման համար։
Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեի, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի, նախկին վարչապետ և օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև կոչ են անում Եվրամիությանը խստորեն սահմանափակել ԵՄ մակարդակով պաշտոնական շփումները Վրաստանի կառավարության և խորհրդարանի հետ: Միևնույն ժամանակ, նրանք հստակ նշում են, որ Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացը փաստացի դադարեցվել է վերջերս հակադեմոկրատական օրենսդրության, այդ թվում՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման պատճառով։
Եվրախորհրդարանը կտրականապես դատապարտում է Ռուսաստանի համակարգված միջամտությունը Վրաստանի ժողովրդավարական գործընթացներին այնպիսի ապատեղեկատվության միջոցով, ինչպիսին է «Գլոբալ պատերազմի կուսակցության» դավադրությունը, ըստ որի՝ Արևմուտքի թելադրանքով ընդդիմությունը երկիրը ներքաշելու է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։
Եվրախորհրդարանի պատգամավորները խստորեն զգուշացնում են Վրաստանի իշխանություններին, որ օրինական ձևավորված քաղաքական կուսակցություններին արգելելու ցանկացած փորձ ավելի կհեռացնի երկիրը Եվրամիությունից և անհնարին կդարձնի անդամակցությունը: Նրանք նաև նշում են, որ «Վրացական երազանքի» վարած քաղաքականությունը անհամատեղելի է Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման հետ։
«Խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում սրվող ժողովրդավարական ճգնաժամի և ենթադրյալ ընտրակեղծիքների մասին» բանաձևը մշակվել է Եվրախորհրդարանի հինգ խմբերի կողմից՝ Եվրոպական ժողովրդական կուսակցություն (ԵԺԿ), Կանաչների և Սոցիալիստների և Դեմոկրատների դաշինք (S&D), Եվրոպական պահպանողականներ և ռեֆորմիստներ (ECR), Նորացնել Եվրոպան (Renew Europe) և Կանաչներ (Verts/ALE):
