Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթում է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Ըստ հանրապետականներին աջակցող Fox News հեռուստաընկերության՝ Թրամփը ստացել է 277 ընտրական ձայն, իսկ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը՝ 226, մինչդեռ հաղթանակի համար անհրաժեշտ է ընտրողների 270 ձայն։
Դոնալդ Թրամփն արդեն իրեն հաղթող է հայտարարել։ Նա Ֆլորիդայում դիմել է կողմնակիցներին և խոստացել սկսել «Ամերիկայի ոսկե դարը»:
«Ես պայքարելու եմ ձեզ համար, յուրաքանչյուր քաղաքացու, ձեր ընտանիքի և ձեր ապագայի համար։ Ես չեմ հանգստանա, մինչև չհասնենք ուժեղ, ապահով և բարգավաճ Ամերիկայի, այն Ամերիկային, որին արժանի են մեր երեխաները: Սա իսկապես կլինի Ամերիկայի ոսկե դարը: Սա մեծ հաղթանակ է ամերիկացի ժողովրդի համար, որը թույլ կտա մեզ կրկին փառահեղ դարձնել Ամերիկան»,- ասել է Թրամփը։
Հաղթանակի կապակցությամբ նրան արդեն շնորհավորել են համաշխարհային առաջնորդները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ու Իսրայելի վարչապետները, Ուկրաինայի ու Ֆրանսիայի նախագահները, Ավստրիայի կանցլերը և այլք։
78-ամյա Դոնալդ Թրամփը կլինի ԱՄՆ 47-րդ նախագահը։ Նա նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2017-2021 թվականներին։
