Դատախազությունը պատրաստ է պահանջել նախնական կալանքից ազատ արձակել Կեկելիձեի փողոցում ընտանիքին վտարելու ժամանակ ձերբակալված Գիորգի Խասաիային և Ակակի Չիքոբավային, եթե մեղադրյալները փոխհատուցեն վնասը և ընդունեն իրենց մեղքը։ Այս մասին հայտարարել է գործի դատախազ Ռոին Խինթիբաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Բոլոր հանգամանքները, որոնց հիմքում դրվել է մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու պահանջը, մինչ օրս գործում են։ Մեղադրող կողմը պահանջում էր կալանք կիրառել Գիորգի Խասաիայի և Ակակի Չիքոբավայի նկատմամբ, քանի որ (ի թիվս բազմաթիվ այլ հանգամանքների) նրանք չեն փոխհատուցել վնասը, չեն ընդունել կատարված հանցագործությունը, ինչպես նաև չեն հասկացել արարքի բնույթը։ Եթե ամբաստանյալները հատուցեն վնասը և ընդունեն կատարած հանցանքը, ապա մեղադրող կողմը պատրաստ է կալանքը փոխարինել այլ՝ ոչ խիստ խափանման միջոցով»,- ասում է դատախազը։
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Կուրտանիձեն հունվարի 25-ին կալանք է կիրառել Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս Ակակի Չիքոբավայի և Իլիայի պետական համալսարանի դոկտորանտ Գիորգի Խասաիայի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող մեքենան խմբով դիտավորությամբ վնասելու մեջ, որը պատժվում է 3-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։ Դատախազ Ռոին Խինթիբաձեի խոսքով՝ մեղադրյալների արարքի արդյունքում պետությանը 3380 լարիի վնաս է հասցվել։
Դատական նիստում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել մեքենային հասցված վնասի մասով, իսկ խմբով հանդես գալը հերքել են։ Միաժամանակ նրանք պատրաստակամություն են հայտնել փոխհատուցել Հարկադիր կատարման ազգային բյուրոյին։
Պաշտպանական կողմը բողոքարկել է դատավոր Դավիթ Կուրտանիձեի որոշումը։ Փաստաբան Գուրամ Իմնաձեի խոսքով, թեև հայցը քաղաքային դատարան է ներկայացվել ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին, այն չի փոխանցվել վերաքննիչ դատարան։
«Մեր ակնկալիքն այն է, որ այն կհասնի այս շաբաթ, բայց չգիտենք, թե որ օրը։ Մենք արդեն հույս ունենք, որ վերաքննիչ դատարանը կփոխի իր դիրքորոշումը»,- ասել է Իմնաձեն։
Հունվարի 23-ին Խատիաշվիլիների ընտանիքի վտարման դեմ կազմակերպված ցույցին ոստիկանությունը ձերբակալել է ընդհանուր առմամբ 20 հոգու։ Նրանցից 18-ը ձերբակալվել են վարչական կարգով, մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու հատկանիշներով։ Դատարանը ձերբակալվածներից մի քանիսին ճանաչել է օրինախախտ և նշանակել տուգանք 2000-ական լարիի չափով։ Դատական վարույթները դեռ չեն ավարտվել։
