Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Լիելա Փոլադիշվիլին ուժի մեջ է թողել Ներքին գործերի նախարարության միգրացիոն վարչության որոշումը՝ ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին միջազգային պաշտպանություն չտրամադրելու մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
«Սոցիալական արդարության կենտրոնը» վարչության որոշումը սեպտեմբերի 16-ին բողոքարկել է դատարանում։
«Թբիլիսիի քաղաքային դատարանը հապճեպ որոշում է կայացրել և չի բավարարել մեր հայցը։ Դրանով դատարանը մեղսակից է Աֆղան Սադիգովին Ալիևին հանձնելու հանցագործությանը և կուրորեն ու անամոթաբար պնդում է, որ Բաքվում արդեն երկու անգամ անօրինական բանտարկված այս մարդը Ադրբեջանում ռիսկի չի ենթարկվի։ Դատախազությունը նույնպես արագացնում է դատարան մուտքը արտահանձնման միջնորդությամբ։ Բոլոր օղակները ներգրավված են այս ընտանիքի ոչնչացման և Ալիևի «զակազի» կատարման մեջ»,- ասում է կազմակերպության իրավահավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն։
Ադրբեջանի կառավարության քննադատ, Azel.Tv առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Աֆղան Սադիգովը օգոստոսի 3-ին ձերբակալվել է Թբիլիսիում, որից հետո նա արտահանձնման կալանքի տակ է։ Ձերբակալությունից հետո նա դիմել է Վրաստանին միջազգային պաշտպանության խնդրանքով, սակայն ՆԳՆ միգրացիոն վարչությունը մերժել է այն՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանում նրա իրավունքները չեն խախտվել։
Գերատեսչության գնահատմամբ, թեև Ադրբեջանում Աֆղան Սադիգովի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, դա չի հանդիսանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում նշված «քաղաքական հայացքների պատճառով հետապնդում»։ Բացի այդ, գերատեսչությունը կարծում է, որ Ադրբեջանում Սադիգովի նկատմամբ խտրական քրեական հետապնդում կամ անհամաչափ պատիժ չի լինի։ Գերատեսչությունը եզրակացրել է, որ գործում չկան առանձին հանգամանքներ, որոնք կստեղծեն խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վտանգ նրա նկատմամբ, եթե նրան ձերբակալեն և կալանավորեն Ադրբեջանում։
Ըստ «Սոցիալական արդարադատության կենտրոնի» փաստաբանների՝ գերատեսչության մերժումն անհիմն է և հակասում է գործի փաստական հանգամանքներին, որոնք ապացուցում են, որ Աֆղան Սադիգովը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդումների զոհ՝ իր մասնագիտական գործունեության պատճառով։ Իրավապաշտպանները կարծում են, որ Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու դեպքում վերջինս կրկին կենթարկվի քաղաքական հետապնդումների և խոշտանգումների կամ անմարդկային վերաբերմունքի:
Նոյեմբերի 1-ին դատարանը ևս երեք ամսով երկարացրել է Աֆղան Սադիգովի արտահանձնման կալանքը։ Լրագրողն արդեն 56 օր է՝ ի նշան բողոքի հացադուլ է հայտարարել և գտնվում է բանտի բուժհաստատությունում։ Նրա առողջական վիճակը ծանր է։
