«Վրացական երազանքի» առաջնորդներից Միխեիլ Սարջվելաձեն նշանակվել է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար։ Նա մինչ այժմ խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի նախագահն էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Նոր նախարարին այսօր կայացած ճեպազրույցում ներկայացրել է կառավարության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։
«Այս մեկ շաբաթվա ընթացքում անհատական խորհրդակցություններ ենք ունեցել թե՛ մեր քաղաքական թիմի անդամների, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցությունների հիմնական հարցերից մեկն այն էր, թե որքանով նոր նախարարը պետք է լինի բժշկական շրջանակների ներկայացուցիչ։ Այս հարցի վերաբերյալ թե՛ քաղաքական թիմում, թե՛ բժշկական հանրության ներկայացուցիչների շրջանում կարծիքը երկու մասի է բաժանվել։ Մի մասը կարծում էր, որ նոր նախարարը պետք է պարտադիր լինի բժշկական հանրության ներկայացուցիչ, իսկ մյուս մասը՝ ճիշտ հակառակ կարծիքին էր։
Խորհրդակցությունների հիման վրա ես եկել եմ այն եզրակացության, որ նախարարի պաշտոնում կարող են դիտարկվել ինչպես բժշկական հանրության ներկայացուցիչները, այնպես էլ այլ թեկնածուներ։ Ի վերջո, ես նախապատվություն տվեցի մեր քաղաքական թիմի անդամին, ում պրոֆեսիոնալիզմի և բարեխղճության վրա մեծ վստահություն ունեմ։ Միխել Սարջվելաձեն նշանակվել է առողջապահության նախարար»,- ասել է Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ նախարարությունը լուրջ մարտահրավերներ ունի, սակայն ինքը վստահ է, որ Միխեիլ Սարջվելաձեն «իր պրոֆեսիոնալիզմով և աչքի ընկնող անձնական որակներով կլինի լավագույն նախարարը»։
Միխեիլ Սարջվելաձեն փոխարինել է Զուրաբ Ազարաշվիլիին։ Ազարաշվիլին առողջապահության նախարարի պաշտոնից հրաժարական է տվել մարտի 1-ին՝ վարչապետի հետ հանդիպումից հետո։ Իրակլի Կոբախիձեն Զուրաբ Ազարաշվիլիի հեռացման պատճառ է նշել բժշկական հանրության շփման խնդիրն ու դժգոհությունը։ «Ես ինքս Հանրապետական հիվանդանոցի օրինակով համոզվեցի, որ նման խնդիրներ իսկապես եղել են»,- պարզաբանել է վարչապետը։
Միխեիլ Սարջվելաձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Մինչև 2012 թվականը, մինչ «Վրացական երազանքի» իշխանության գալը, աշխատել է որպես իրավաբան։ 2012-2013 թվականներին եղել է Արդարադատության նախարարության «Հարկադիր կատարման ազգային բյուրոյի» նախագահը, իսկ 2013-2018 թվականներին զբաղեցրել է արդարադատության փոխնախարարի պաշտոնը։ 2018-2020 թվականներին եղել է արդարադատության նախարարի առաջին տեղակալը, իսկ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքի» համամասնական ցուցակով դարձել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։ Սարջվելաձեն Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովը ղեկավարում էր 2020 թվականի դեկտեմբերից։ Նա խորհրդարանական մեծամասնության այն անդամներից է, ով 2023 թվականի մարտին սատարել է այսպես կոչված օտարերկրյա գործակալների մասին «ռուսական օրենքի» ընդունումը։
