«Վրացական երազանքի» վարչապետ Իրակլի Կոբախիձեն ողջունում է Միացյալ Նահանգների կողմից օտարերկրյա օգնության, ներառյալ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 90 օրով դադարեցումը, և հույս է հայտնում, որ դա երկար ժամանակ կշարունակվի:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 2 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 3 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 4 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Արդյո՞ք մեր շահերից է բխում աշխարհի այս հատվածում հակաամերիկյան կառավարության լինելը. Ռուբիոն` Վրաստանի մասին
Կոբախիձեն նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումն օգտագործել է «Վրացական երազանքի» քարոզչության համար՝ ասելով, որ վարչակազմը «ուղղակիորեն հայտարարել է, որ իրենց նախորդներն օգտագործել են այդ դրամաշնորհներն ու արտաքին ֆինանսավորումը տարբեր երկրներում անկարգություններ առաջացնելու, հեղափոխություններ կազմակերպելու և երկիրը ապակայունացնելու համար»։
«Ֆինանսավորումը դադարեցվել է երեք ամսով, և մենք մեծ հույս ունենք, որ այդ ֆինանսավորումը երկար ժամանակ կասեցված կմնա։ Այս ամենն, իհարկե, կնպաստի մեր երկրի կայուն զարգացմանը։ Մեր երկիրը ապակայունացնելու փորձերը չեն կարող ֆինանսավորվել դրսից»,- ասել է Կոբախիձեն։
Նա հերթական անգամ մեղադրել է ԱՄՆ նախորդ վարչակազմին Վրաստանում հեղափոխություն կազմակերպելու փորձի մեջ։ Ըստ Իրակլի Կոբախիձեի, USAID-ի ֆինանսավորմամբ ստեղծագործական հատվածի ներկայացուցիչները վերապատրաստվում էին «կոնկրետ հեղափոխական գործընթացների հետ կապված»:
Հունվարի 20-ին, նախագահ դառնալուց ընդամենը ժամեր անց, Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով ժամանակավորապես դադարեցվում է USAID-ի և Պետդեպարտամենտի կողմից ֆինանսավորվող բոլոր արտաքին օգնության ծրագրերը՝ պարզելու, թե արդյոք դրանք համապատասխանում են նոր վարչակազմի նպատակներին: Ավելի ուշ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բացառություն է արել կենսական հումանիտար օգնության համար։ Թրամփը նաև դադարեցրել է դաշնային դրամաշնորհների և վարկերի տրամադրումը Միացյալ Նահանգների ներսում, թեև դատավորը ժամանակավորապես արգելափակել է այս որոշումը։
Միացյալ Նահանգները օգնության ամենամեծ դոնորն է աշխարհում։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, 2023 թվականին Միացյալ Նահանգները 72 միլիարդ դոլար է ծախսել աշխարհի տարբեր ծրագրերի ֆինանսավորման համար՝ սկսած հակամարտությունների գոտիներում կանանց առողջությունից մինչև մաքուր ջրի հասանելիություն, ՁԻԱՀ-ի բուժում, էներգետիկ անվտանգություն և կոռուպցիայի դեմ պայքար:
Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը Վրաստանում գործում է 1992 թվականից, և ինչպես կարդում ենք կազմակերպության կայքում, վերջին 33 տարիների ընթացքում «ամերիկացի ժողովուրդը USAID-ի միջոցով 1․9 միլիարդ դոլարի օգնություն է տրամադրել» երկրին։
Մինչև 2025 թվականը USAID-ը Վրաստանում աջակցում էր ավելի քան 35 ծրագրերի:
